Համաշխարհային ֆուտբոլի ժառանգությունը․ Անդրես Ինիեստայի հանճարը
Հնարավո՞ր է դառնալ լեգենդ խաղակոշիկները մեխից կախելուց առաջ, Անդրես Ինիեստայի նման ֆուտբոլիստի համար դա չափազանց հեշտ առաջադրանք էր։
Աշխարհ, որում Պելեի և Մարադոնայի նվաճումները հավասարը չունեն, Մեսսին այլ մոլորակից է, իսկ Ռոնալդուն սուպերհերոս է, Ինիեստան մնաց մարդ, որն իր ամբողջ կարիերայի ընթացքում ցույց տվեց մեր օրերում եզակի հատկանիշներ՝ համեստություն, զսպվածություն, հարգանք, հանդուրժողականություն, աշխատասիրություն և տաղանդ։
Ժամանակակից ֆուտբոլիստին բնորոշ դաջվածքները և գունագեղ սանրվածքների կարիքն Ինիեստան այդպես էլ չզգաց, չէ՞ որ նա ֆուտբոլի Հարի Փոթերն է, ով կախարդանք է օգտագործում միայն խաղադաշտի և կանոնների սահմաններում։
Ինիեստային ծափահարում են աշխարհի բոլոր մարզադաշտերում, անհնար է չսիրահարվել «Դոն Անդրեսի» խաղին, իսկ այդ մեծ սերն ու հարգանքը չի կարելի տեղավորել ոչ մի թանգարանում, հաշվել չափման միավորներով կամ գրանցել ռեկորդների գրքում։
Ինիեստայի ցմահ պայմանագիրը «Բարսելոնայում» «մոտենում է ավարտին», ակումբի պատմության լավագույն կիսապաշտպաններից մեկը որոշել է ճանապարհը զիջել երիտասարդներին։ Այդ առիթով առաջարկում ենք՝ հետհայացք նետել կատալոնացիների ավագի անցած ճանապարհին և հասկանալ, թե ինչպես նա դարձավ մեծություն։
«Ռեալի» երկրպագուն ընդունվեց «Բարսելոնայի» ակադեմիա
Անդրես Ինիեստան ծնվել է իսպանական փոքրիկ Ֆուենտեալբիլյա գյուղում, որը որևէ կապ չունի Կատալոնիայի հետ, և որտեղ բացառապես բնակվում էին Մադրիդի «Ռեալի» երկրպագուներ։
Ֆուտբոլիստն առաջին անգամ ֆուտբոլ է խաղացել «Ալբասետե» ակումբում և կարճ ժամանակ անց գրավել իսպանական մյուս հեղինակավոր թիմերի ուշադրությունը։ Սակայն «Բարսելոնայի» մանկապատանեկան թիմի մարզիչը համոզել է 12-ամյա Անդրեսի ծնողներին՝ նրան ուղարկել կատալոնական ակումբի ակադեմիա՝ «Լա Մասիա»։
Բոլորն են հիշում, որ Բարսելոնա տեղափոխվելուց հետո Ինիեստան անընդհատ լաց էր լինում և ծնողներից հեռու իրեն լքված էր զգում։
«Նա իր նվաճումները կերտել է արցունքների միջով»,- հիշում է Վիկտոր Վալդեսը։
Որոշ ժամանակ անց «Բարսելոնայի» լեգենդար մարզիչ Պեպ Գվարդիոլան դիմեց թիմի մեկ այլ լեգենդի.
«Չավի, դու ինձ թոշակի ես ուղարկելու, իսկ այս տղան (Ինիեստան.- Լ.Մ.) թոշակի է ուղարկելու մեզ բոլորիս»։
Տեսախցիկներից հեռու
Անդրեսն օրինակելի է ոչ միայն՝ խաղադաշտում, այլ նաև՝ դրա սահմաններից դուրս։ Նա օրինակելի քաղաքացի է, և դժվար թե մի օր լսենք, որ նա օֆշորներում գրանցված կազմակերպություն ունի, կամ էլ Ռոնալդուի և Մեսսիի նման խուսափել է հարկերից։
Նա հերոս է իր հայրենի քաղաքում, իսկ իր պապի նախկին բարն այսօր վերածվել է թանգարանի, որի առջև վեր է խոյանում իր արձանը, և դա զուր չէ։
2011 թվականին կիսապաշտպանի մանկական թիմ «Ալբասետեն» սնանկ էր և մոտ էր իսպանական 4-րդ դիվիզիոնում հայտնվելուն։ Սակայն Անդրեսից ստացված ֆինանսական օգնությունը փրկեց թիմին կործանումից։
Ինիեստան նաև օգնեց ակումբին ոտքի կանգնել և իր նախկին թիմակից Չավիի օգնությամբ քաթարցի ներդրողներ գտավ, որոնք մարեցին ակումբի 18 մլն եվրոյանոց պարտքը։
Լեգենդար գոլը
2010 թվականի աշխարհի առաջնություն, Հարավային Աֆրիկա, Իսպանիա-Հոլանդիա, եզրափակիչ, 116-րդ րոպե, գնդակը հիանալի է հարմարեցված Ինիեստայի ոտքին, բոլորը մի պահ դադարում են շնչել, նա իր սիրտն ու հոգին է դնում այդ հարվածի մեջ, ցանցը ցնցվում է, Իսպանիան չեմպիոն է, վայրկյաններ անց Անդրեսը բարձրացնում է մարզաշապիկը, որի վրա գրված է․ «Դանիել Խարկեն միշտ մեզ հետ է»։
Երբ 10 տարի անց Ինիեստան իր երկրին պարգևեց աշխարհի չեմպիոնի կոչումը, առաջինը մտածեց իր ընկերոջ՝ «Էսպանյոլի» ավագ Դանիել Խարկեի մասին, ով կյանքից անսպասելիորեն հեռացրել էր սրտի կաթվածից։
Իսկ նախորդող գիշերն Անդրեսն անհարմարություն էր զգում ոտքի շրջանում ու վազում էր հյուրանոցի միջանցքներով՝ ապացուցելով ինքն իրեն, որ նա պատրաստ է իր կարիերայի ամենակարևոր խաղին։
Իսկ «Էսպանյոլի» երկրպագուները, որոնք սուլում են Մեսսիին և Պիկեին, այդ օրվանից սկսած մինչև օրս հոտընկայս ծափահարում են Ինիեստային։
«Արվեստագետը», ով չի ստորագրում իր գործերի տակ
Ասում են, որ ժամանակին «Բարսելոնայի» ֆուտբոլիստների շրջանում մի այսպիսի կատակ էր պտտվում․ «Երբ չգիտես՝ ինչ անել գնդակի հետ, այն փոխանցիր Չավիին կամ Ինիեստային»։
«Դոն Անդրեսը» պահեր է ստեղծում հավակնություններ չունեցող գրոհներից, բացում ազատ տարածություններ և, վերջապես, ստեղծում գոլային գրոհ, որը մեզ ներկայանում է՝ որպես մի ամբողջական կտավ, բայց երբեմն նա մոռանում է ստորագրել դրա տակ։
Սակայն կատալոնացիների ավագին դա չի անհանգստացնում։ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին չի մտահոգում, որ նա երբևէ չի նվաճել ամենահեղինակավոր անհատական մրցանակը՝ «Ոսկե գնդակը»։
«Եթե Ինիեստայի անունը լիներ Անդրեսինիո, նա արդեն 2 «Ոսկե գնդակ» կունենար»․ Սերխիո Ռամոս
Ինիեստան Եվրոպայի կրկնակի չեմպիոն է, աշխարհի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող, Իսպանիայի ութակի չեմպիոն, Իսպանիայի հնգակի գավաթակիր, մի խոսքով, ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր խաղացողներից մեկը։
Սակայն պատմությունը չի հիշելու նման ֆուտբոլիստի, փոխարենը՝ բոլորի մոտ միշտ վառ կմնան Մարադոնայի կամ էլ Մեսսիի նվաճումները, միայն շատ քչերը կհիշեն այն տղային, ով ֆուտբոլային հսկաների կյանքը դյուրին է դարձրել։
Լիանա Մկրտչյան