Նիկոլ Փաշինյանը կոչ է անում հրապարակել պատգամավորների հեռախոսահամարները

«Ես գտնում եմ՝ Ռուսաստանը, ինչպես միջազգային իրավունքը հարգող պետություն, չի միջամտում Հայաստանի ներքին հարցերին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ՝ Կարեն Կարապետյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրուցին:

Ն. Փաշինյանը կրկնեց, որ այս շարժումն աշխարհագրական որևէ բովանդակություն չունի:

Հարցին՝ ինչո՞ւ էին Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները գնացել Մոսկվա, Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Ես չգիտեմ, տեղյակ չեմ դրանից, գուցե նրանք գիտեն, որ Հայաստանում ոչ մի աջակցություն չունեն, դրա համար տպավորություն են ուզում ստեղծել, թե այլ տեղ աջակցություն չունեն: Կարեն Կարապետյանը ցանկանում է տպավորություն ստեղծել, որ դրսում ինքն աջակցություն ունի, բայց ես չեմ կարծում, որ դա ճիշտ ուղղություն է, որովհետև ես ասել եմ, որ սա մաքուր հայկական հարց է, ու կարծում եմ, որ աշխարհաքաղաքական կենտրոնները պետք է չմիջամտեն այս հարցին»:

Դիտարկմանը, թե ընտրվելու համար ԱԺ-ում չունեք բավարար մանդատները, Ն. Փաշինյանն ասաց, որ ինքն ունի ամենակարևոր՝ ժողովրդի մանդատը: Նա կարծում է՝ իմաստ ունի, որ բոլոր պատգամավորների հեռախոսահամարները հրապարակվեն, ու մարդիկ զանգեն, խոսեն իրենց պատգամավորների հետ:

Միջազգային լրատվամիջոցներից մեկի լրագրողը նկատեց, որ այս իրավիճակը նման է նրան, որ Նիկոլ Փաշինյանը և Կարապետյանն իրար միայն մեղադրանքներ են ներկայացնում, սակայն խնդիրը լուծելու համար անգամ չեն կարողանում հանդիպել: Ի պատասխան՝ Ն. Փաշինյանն ասաց. «Մենք մեզ բավարարված չենք զգա, եթե Հայաստանում իրական փոփոխությունների չհասնենք և ՀՀ քաղաքացիներին զգացել տանք, որ իրենք հաղթող են: Եթե Կարեն Կարապետյանը կամ այլ ՀՀԿ-ական լինի վարչապետ, ՀՀ քաղաքացիները չեն զգա իրենց հաղթող»:

Տեսանյութեր

Լրահոս