Ինչո՞ւ է Փաշինյանը զուսպ իր արտաքին քաղաքական ծրագրերի հարցում

«Այն, թե ինչպես կողմերը կհանգուցալուծեն երկրում ստեղծված իրավիճակը՝ անդրադառնալու է ԵՄ որոշ երկրների` ՀՀ-ԵՄ համաձայնագրի ապագայի վերաբերյալ դիրքորոշումների վրա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի նախկին դիվանագետ Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով «Իմ քայլը» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական ծրագրերին:

Իրակլի Մենագարիշվիլին ասաց, որ շարժման առաջնորդը բավականին զուսպ է արտաքին քաղաքական խնդիրներին անդրադառնալիս: Նրա խոսքով, դա աչք է զարնում, և դրան մի քանի բացատրություն կարելի է տալ:

«Առաջինն այն է, որ Հարավային Կովկասի փոքր երկրների համար արտաքին քաղաքականությունը շատ կարևոր է այն ժողովրդի համար, որը փողոցում է Փաշինյանի համար, և պետք է հստակ լինեն Փաշինյանի քաղաքական ծրագրերը, քանի որ Փաշինյանը հեղափոխական գործողությունները վարպետորեն հաջողեց: Բայց քաղաքական ծրագրերի առումով որոշ անորոշություն կա, այդ անորոշությունն ավելի տեսանելի է արտաքին քաղաքական ուղենիշերի հարցում:

Մյուս պնդումս այն է, որ Փաշինյանի այդ որոշումը ևս կարելի է արդարացնել, քանի որ ցանկացած հստակ ամրագրում Փաշինյանի արտաքին քաղաքական նախընտրությունների մասին ԵՄ-ՌԴ ներկայիս լարվածության դեպքում հակառակ կողմի համար Փաշինյանի շարժումը հարվածի տակ էր դնելու: Սա կարելի է համարել նաև պաշտպանական որոշում:

Երրորդ դիտարկումս այն է, որ սրանով շարժման առաջնորդը նաև ցույց տվեց, որ հասարակության խնդիրն իշխանությունն է, ներքին խնդիրները, և ոչ թե՝ Արևմուտք-Արևելք քաղաքակրթական ընտրությունը: Հետսովետական տարածքում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած գրեթե բոլոր հեղափոխությունների նպատակը եղել է քաղաքակրթական ընտրությունը, պայքարն արևմտյան արժեքների ներդրման համար:

Չի բացառվում, որ Փաշինյանը ևս մի օր այդպես անի, եթե դառնա իշխանություն, բայց այս պահին նման միտումներ չկան»,- ասաց Իրակլի Մենագարիշվիլին՝ ընդգծելով, որ ուղենիշային է Փաշինյանի դիտարկումն այն մասին, որ արտաքին քաղաքական ուղղություններով ներկայիս քաղաքականությունը չի փոխվելու:

Սա, նրա խոսքով, ցույց է տալիս, որ իշխանության գալու դեպքում հայ-ռուսական ներկայիս հարաբերություններում մեծ փոփոխություններ չեն սպասվում, նույնը` եվրոպական և, ընդհանուր առմամբ, արևմտյան ուղղությամբ:

«Բնականաբար, Վրաստանի տեսանկյունից ցանկալի կլիներ Հայաստանի հետ արտաքին քաղաքական միևնույն հարթությունում լինել, որը կխորացներ տարածաշրջանային ինտեգրացիան, երկկողմ և բազմակողմ կապերը: Հույս ունենք, որ ՀՀ-ում իշխանության փոփոխության դեպքում չեն փոխվի ՀՀ-ԵՄ համաձայնագրի վերաբերյալ ՀՀ հավակնությունները, որը ներկայիս իշխանության ձեռքբերումն է, դա էական առաջընթաց էր Հայաստանի և տարածաշրջանի համար՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Հուսով ենք նաև, որ երկրում ստեղծված իրավիճակը չի խոչընդոտի համաձայնագրի վավերացմանը Եվրամիությունում և ներդրմանը Հայաստանում: Իրավիճակի հանգուցալուծումը կարևոր է ոչ միայն՝ հասարակության անվտանգության, Ղարաբաղյան հակամարտության, այլև՝ այս համաձայնագրի ապագայի տեսանկյունից: Այն, թե ինչպես կողմերը կհանգուցալուծեն երկրում ստեղծված իրավիճակը, անդրադառնալու է ԵՄ որոշ երկրների դիրքորոշումների վրա»,- ասաց Մենագարիշվիլին:

 

Տեսանյութեր

Լրահոս