Ալիևն իր ընտանիքի կոռուպցիոն գործարքների բացահայտումը կանխելու նպատակով մեկնել է Մեծ Բրիտանիա
Իլհամ Ալիևը Թուրքիա կատարած այցից հետո՝ ապրիլի 26-ին մեկնել է Մեծ Բրիտանիա: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանական ընդդիմադիր մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Իլհամ Ալիևի այցը պայմանավորված է նրա ընտանիքի անդամների կողմից անընդհատ իրականացվող կոռուպցիոն գործարքների շուրջ սկսված միջազգային ուսումնասիրություններով: Ալիևը Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակներում հանդիպել է բրիտանական կառավարության առանցքային պաշտոնյաների հետ: Հաղորդման համաձայն՝ Ալիևը փորձում է փրկել իրավիճակը և ամեն գնով ծածկել իր ընտանիքի շարունակական չարաշահումները:
Միջազգային մամուլում ժամանակ առ ժամանակ լրագրողական հետազոտությունների արդյունքներով հրապարակումներ են արվել Ադրբեջանում, տարբեր երկրներում, արտասահմանյան եւ տեղական ընկերություններում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի անդամների ձեռք բերած միլիարդավոր դոլարների հասնող ունեցվածքի մասին:
Մալթացի լրագրող Դաֆնա Գալիցիան Pilatus բանկի վերաբերյալ հոդվածում հայտնել էր, որ Բանկի դեպոզիտների 60 տոկոսը պատկանում են Ադրբեջանի ալիևյան նախագահական ընտանիքին և Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարար, ալիևյան կլանի ներկայացուցիչ Քեմալադդին Հեյդարովին:
Լրագրողը նաև տեղեկացրել էր, որ Pilatus բանկի միջոցով 1 մլն դոլար է փոխանցվել Մալթայի վարչապետ Ժոզեֆ Մուսկատի կնոջը պատկանող ընկերությանը:
Լրագրող Դաֆնա Գալիցիան 2017 թ. հոկտեմբերին սպանվել է Մալթայում:
Pilatus բանկի գործունեությունը Մալթայում դադարեցված է, իսկ այժմ նույն ճակատագիրն է սպասվում նաև բանկի լոնդոնյան մասնաճյուղին: Բրիտանական հետախուզությունը սկսել է հետազոտություններ իրականացնել Ադրբեջանի նախագահական ընտանիքի և այլ իշխանական անձանց կոռուպցիոն գործարքների շուրջն ինչն էլ առաջ է բերել Ալիևի անհանգստությունը: