«Չեմ կարծում, որ ՀՀ-ում կա որևէ մեկը, որը մտահոգված չլինի այս իրավիճակով». Վարդան Արամյան
«Այս իրավիճակը բոլորիս է մտահոգում։ Ես չեմ կարծում, որ ՀՀ-ում կա որևէ մեկը, որը մտահոգված չլինի այս իրավիճակով, և պետք է գտնվի այն ելքը, որն ամենալավագույնը կլինի մեր երկրի համար»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը։
Նա նշեց, որ տեղյակ չէ Էդվարդ Նալբանդյանի և Արմեն Գևորգյանի գործուղումներից։
«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ, երբ լինում են երկրում անհանգստություններ, և ինֆորմացիոն հոսքերը տարբեր ուղղություններով են գնում, դա ազդում է տնտեսական աճի վրա, տնտեսական ակտիվության ցուցանիշի վրա, որովհետև բոլորս մեր վարքագիծը կառուցում ենք տեղեկատվության հիման վրա»,- ասաց նա՝ նշելով, որ քաղաքական հայտարարություններով ճիշտ կլինի՝ հանդես գան այդ ոլորտի պատասխանատուները։
«Մեր նպատակն է՝ անել ամեն ինչ, որ այս իրավիճակից դուրս գանք առավելագույն օգուտներով և նվազագույն ծախսերով, նկատի ունեմ՝ տնտեսության համար։ Դրա համար, եթե վերլուծենք վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հայտարարությունները, ապա համար առաջին ազդակը կառուցողական երկխոսություն սկսելն է։
Եթե ցանկանում ենք իրականում ունենալ իրավական պետություն, պետք է ձեռքներս դնենք օրենքի վրա և կատարենք օրենքի պահանջները՝ անկախ նրանից, թե հետագայում ինչ կլինի։ Հետագան, թե ինչպես խաղաքարտերը կբացվեն, ինչպես կլինի… առայժմ մենք աշխատում ենք բնականոն հունով, և կառավարությունը, առավել ևս՝ Ֆինանսների նախարարությունը, իրավունք չունի 10-12 ժամ, ինչպես նախկինում էր աշխատում, հիմա չաշխատի»,- ասաց նա։