Քանյե Ուեսթը կարող է օգնել Թրամփին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը. The Wichita Eagle-ի անդրադարձը
Քիմ Քարդաշյանի ամուսին ռեփեր Քանյե Ուեսթը պետք է օգտագործի իր հարաբերությունները Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ նպաստելու, որպեսզի նա ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Այս մասին ԱՄՆ Կանզաս նահանգի խոշորագույն The Wichita Eagle պարբերականում գրում է Մարկոս Կունալակիսը «Քանյե Ուեսթը կարող է օգնել Թրամփին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը» խորագրով հոդվածում:
«Հայաստանն առաջին բանը չէ, որ գալիս է մտքիդ, երբ մտածում ես Քանյե Ուեսթի և Քարդաշյանների մասին: Այդուհանդերձ, ճշմարտությունն այն է, որ Քանյեն մշտապես հոգ է տարել և երգել է արդարության մասին, իսկ նրա ամերիկահայ ընտանիքը միշտ կարևորել է աշխարհի մեծագույն հանցագործություններից ու անարդարություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը»,- գրում է Կունալակիսը:
Նա ընդգծում է, որ Քանյեն պետք է օգտագործի իր նոր մտերմությունը նախագահ Թրամփի հետ՝ դրդելու նրան անելու այն, ինչ մինչ օրս չի արել ԱՄՆ որևէ գործող նախագահ՝ հրամանագիր ընդունել՝ հռչակելով 1915 թվականի իրադարձությունները որպես աշխարհի առաջին ցեղասպանություն: Հեղինակը նշում է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես վերաբերում է դեպքերին որպես «ցավալի, տարաբախտ և ողբերգական» դեպքեր, սակայն չի ճանաչում որպես ցեղասպանություն:
Կունալակիսը հիշեցնում է, որ Քիմն ու Քանյեն 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին մեկնել էին Հայաստան: Նա նշում է, որ ժամանակակից Թուրքիան չի ցանկանում հիշել այդ պատմական փաստի մասին, և քրիստոնյա հայերի հետ տեղի ունեցածն անվանում է որպես Առաջին աշխարհամարտի դժբախտ հետևանք և ոչ թե էթնիկ կամ կրոնական զտում: Ավելին, այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնում է պատժել բոլոր այն երկրներին, որոնք պաշտոնապես ճանաչում են Ցեղասպանությունը:
Հեղինակն ընդգծում է, որ ԱՄՆ նախագահ Թրամփը չի ընդունում իր հասցեին արվող սպառնալիքները և մշտապես հակում ունի անել ամեն բան այլ կերպ՝ դեմ դուրս գալով ավանդույթներին:
Նա հիշեցնում է նաև, որ ԱՄՆ շուրջ 100 օրենսդիրներ վերջերս նամակ գրեցին Թրամփին՝ կոչ անելով հետևել աշխարհի 29 երկրների ու ԱՄՆ 48 նահանգների օրինակին ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Եթե օրենսդիրները չեն կարողանում համոզել Թրամփին ճանաչելու ցեղասպանությունը և նրա լավ ընկեր Դևին Նունեսը, ում քաղաքական ապագան կախված է Ֆրեզնոյի ամերիկահայ ընտրազանգվածի աջակցությունից, չի կարող դա անել, և եթե Քանյեն չի կարող դա անել, ապա էլ ո՞վ: Գուցե հիփ-հոփ արտիստներ Քենդրիք Լամա՞րը կամ Նազո Բրավո՞ն կարողանան գտնել նախագահի սիրտը տանող ճիշտ ռիթմն ու խոսքերը: Ժամանակն է»,- եզրափակել է նա: