
Ուֆայի ռեստորաններից մեկում գազի արտահոսքից հինգ հայ է խեղդվել

Բաշկիրիայի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Ուֆայի «Պրիստան» ռեստորանային համալիրում հինգ մարդու մահվան կապակցությամբ:
Այս մասին գրում է «Մոսկովսկիյ Կոմսոմոլեց» թերթը: Ապրիլի 13-ին ռեստորանի աշխատակիցներից մեկն առանց պաշտպանիչ դիմակի իջել էր ռեստորանի դիտահորը՝ ջուրը փակելու համար, սակայն չէր կարողացել դուրս գալ այնտեղից՝ ուշագնաց լինելու պատճառով: Գործընկերոջն օգնելու համար դիտահոր են մտել ևս հինգ հոգի, ովքեր ևս կորցրել են գիտակցությունը:
Ռեստորանի չորս աշխատակիցներ մահացել են տեղում, ևս երկու տուժողի բժիշկները հասցրել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը մահացել է:
Ամենայն հավանականությամբ, մարդկանց մահը վրա է հասել մեթանից, որն անհոտ և անգույն գազ է, հիմնականում հավաքվում է ջրին մոտ գտնվող ստորգետնյա կառույցներում: Ռեստորանը գտնվում էր Բելայա գետի հարևանությամբ, և, հետևաբար, գազի հայտնվելն այնտեղ զարմանալի չէր: Նման դեպքեր տեղի են ունենում, երբ ձեռնարկություններում չեն պահպանվում անվտանգության կանոնները, և աշխատակիցների հետ բացատրական աշխատանքներ չեն տարվում:
Քրեական օրենսդրության համաձայն՝մեղավորները կպատժվեն մինչև չորս տարի ազատազրկման:
Ռեստորանը պատկանում է տեղի հայ համայնքին: Բոլոր մահացողները ազգությամբ հայեր են: