Ինչ են ակնկալում ՌԴ-ն ու ԱՄՆ-ն Հայաստանից ստեղծված իրավիճակում
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քայլ արա» նախաձեռնության հեղինակ Նիկոլ Փաշինյանի հայտարարած թավշյա հեղափոխությանը, որին միացել են հազարավոր հայաստանցիներ, այս օրերին անդրադարձան բոլոր միջազգային կենտրոնները և գերտերությունները: Հայաստանի վարած արտաքին քաղաքականության տեսանկյունից առավել ուշագրավ էին ՌԴ, ԵՄ և ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչների արձագանքները: Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին և փողոցում ծավալվող շարժմանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում կատարած գրառմամբ արձագանքել էր Ռուսաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Մարիա Զախարովան:
«Այն ժողովուրդը, որն իր պատմության անգամ ամենաբարդ պահերին, չնայած սուր հակասություններին՝ իր մեջ չպառակտվելու և միմյանց նկատմամբ հարգանքը պահպանելու ուժ է գտնում, մեծ ժողովուրդ է: Հայաստան, Ռուսաստանը միշտ քեզ հետ է»,- գրել էր Մարիա Զախարովան:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ևս անդրադարձել էր իրավիճակին, նշելով, որ Կրեմլում շարունակում են հետևել Հայաստանում ստեղծված իրավիճակին ու հույս ունեն, որ կողմերը կարող են առաջիկայում փոխհամաձայնության գալ: «Ասվածին այլ բան չունեմ ավելացնելու: Ինչպես նախկինում, հիմա էլ մենք կարծում ենք, որ դա Հայաստանի ներքին գործն է ու հույս ունենք, որ մեր հայ ընկերները կարող են կարգավորել այս իրավիճակն ու առաջիկայում փոխզիջումային որոշում կայացնել: Մենք շատ ուշադիր կերպով շարունակում ենք հետևել այդ իրավիճակին»,-ասել է Պեսկովը:
Պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նյուարթը ապրիլի 24-ին հայտարարություն էր տարածել նշելով, որ առաջիկա օրերին Հայաստանի ժողովուրդը և նրա ընտրյալ առաջնորդները նոր կառավարություն ձևավորելու գործընթացին սկիզբ դնելու պատմական հնարավորություն ունեն:
«Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողական դիրքորոշում որդեգրել և իշխանության խաղաղ փոխանցումը իրականացնել Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված կարգով և օրենքի գերակայության սամաններում: Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել նոր կառավարության հետ՝ հաշվի առնելով Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր շահերի բազմաթիվ ոլորտներն ու ուղղությունները: Որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր, մենք կոչ ենք անում հայ ժողովրդին գնալ երկխոսության՝ ինքնիշխան պետության ապագան ժողովրդավարական և խաղաղ ճանապարհով ձևավորելու նպատակով»,-նշված էր հայտարարության մեջ:
Օրերս ԵԽ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը ևս հայտարարություն էր տարածել՝ վստահության կոչ անելով կողմերին: Իսկ ապրիլի 24-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասել էր, որ ԵՄ-ն այժմ կարևորում է այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի միջև երկխոսությունը քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար. «ԵՄ-ն կլինի Հայաստանի և հայ ժողովրդի կողքին այս ողջ գործընթացի ընթացքում»:
Անդրադառնալով ԵՄ-ՀՀ պայմանագրին, նա նշեց, որ Հայաստանն ու Եվրամիությունը այժմ հավակնոտ ծրագիր ունեն և պետք է աշխատեն դրա իրականացման ուղղությամբ․«Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի ժողովուրդը շատ կարևորում է այն բոլոր արժեքները, որոնք դրված են մեր համաձայնագրի հիմքում, այժմ ավելի ջանասիրաբար պետք է աշխատենք դրա կետերի իրականացման շուրջ»։
Արձագանքներից ամենաուշագրավը ռուս պաշտոնյաների հավասարակշռված հայտարարություններն են՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՌԴ իշխանությունները սովորաբար իրենց հարևանության գոտում հեղափոխական գործընթացներին բավական նյարդային վերաբերմունք են ցուցաբերում:
Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը «168 Ժամի» հետ զրույցում անդրադարձավ ռուսական պաշտոնական արձագանքներին: Նա նշեց, որ ռուսական բոլոր անդրադարձներում կարմիր թելով անցնում էր հետևյալ դիրքորոշումը, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքաղաքական խնդիրներին: Ըստ նրա, այդ թեմաներն այնքան են քննարկվել Ռուսաստանի գործընկեր երկրներում, որ Ռուսաստանը հրապարակային ցուցադրում է, որ չի միջամտում ու կաշխատի ցանկացած ուժի հետ, որին կընտրի հայ ժողովուրդը:
«Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում անցկացվող բոլոր ակցիաների ընթացքում նկատվում էր դժգոհություն Ռուսաստանից, Ռուսաստանին մեղադրում էին Հայաստանի ներքին գործերին միջամտելու, հայ ժողովրդին չհարգելու մեջ: Ռուսաստանը հրապարակային ցույց է տալիս, որ հարգում է հայ ժողովրդի որոշումը և մեծ հաճույքով կաշխատի ցանկացածի հետ»,- ասաց Լուկիանովը:
Ռուսական կողմի ակնհայտ անհանգստության բացակայությունը ռուս քաղաքագետը բացատրեց նրանով, որ Ռուսաստանը վստահ է, որ Հայաստանը «փախչելու տեղ չունի», իսկ Ռուսաստանին միայն հետաքրքիր են հայ-ռուսական սերտ հարաբերությունները, դրանց պահպանումը, իսկ թե ով դա կիրականացնի՝ այնքան էլ էական չէ:
«Ով էլ որ գա իշխանության, Ռուսաստանի հետ պետք է աշխատի, փախչելու տեղ չունի: Հայաստանը գտնվում է թշնամական հարևանության մեջ, և միակ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, որն իր վրա մեծ պարտավորություններ է ստանձնել: Որևէ գերտերություն Հայաստանի համար նման մեծ քայլեր չի անի: Սա է Ռուսաստանի հանգստության բանալին»,- ասաց Լուկիանովը: Նա նկատեց, որ ՌԴ իշխանություններն արդյունավետ համագործակցություն են ունեցել Սերժ Ազատովիչի իշխանության հետ, գոհ են եղել այդ համագործակցությունից:
«Բայց այդ իշխանությունը, փաստորեն, հայ ժողովրդի սրտով չէր, ուստի Ռուսաստանը պետք է դրա հետ հաշվի նստի, որը և անում է»,- ասաց նա: Ռուս քաղաքագետը կարծում է, որ Հայաստանում ներքաղաքական փոփոխություններից հետո հայ-ռուսական հարաբերությունները կպահպանեն իրենց ներկայիս դինամիկան, քանի որ Հայաստանի համար Ռուսաստանին փոխարինող գործընկեր չկա:
Ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլի խոսքով, որևէ մեկը չէր ակնկալում Հայաստանում նման բեկումնային ներքաղաքական զարգացումներ, թեև խնդիրների մասին խոսակցությունները շարունակվում էին երկար տարիներ:
Ամերիկացի վերլուծաբանը հիշում է, որ Հայաստանում հետընտրական զարգացումներ եղել են գրեթե բոլոր համապետական ընտրություններից հետո, և վերջին ամենաէական բողոքի ակցիաները եղան 2008 թվականին` Լևոն Տեր-Պետրոսյանի, և 2013 թվականին` Րաֆֆի Հովհաննիսյանի դեպքում, դրանք բոլորը բազմամարդ հանրահավաքներ էին, սակայն չունեցան այն ուժը, որ իշխանություն փոխեին երկրում: Ստեղծված իրավիճակին, նրա խոսքով, նպաստեց նաև այն, որ Հայաստանում փոխվեց կառավարման համակարգը:
Գոբլի կարծիքով՝ ներկայումս ՀՀ հրապարակներում են այն բոլոր մարդիկ, ովքեր ձախողել են նախկինում:
«Այս ամենն այսքան ուժեղ է, քանի որ ընդդիմությունը նախկինում շատ է տապալվել, այդ զանգվածի շահերը երբեք չեն արտացոլվել, հասարակության այդ հատվածը գնալով աճել է»,- ասաց նա:
Այնուամենայնիվ, ամերիկացի քաղաքագետը լիահույս է, որ փոփոխությունները Հայաստանին կտանեն է՛լ ավելի բարձր քաղաքակրթության ուղղությամբ, ուստի Պետքարտուղարության հայտարարությունը զգոնության կոչ էր իշխանությանն ու ընդդիմությանը:
Ըստ Գոբլի՝ կողմերը պետք է պատասխանատու քայլեր իրականացնեն՝ վերացնելով երկրում ստեղծված փխրուն իրավիճակը:
«Պետք է հասկանան, որ երկխոսություն պետք է ծավալեն, բանակցեն, իրավիճակին լուծումներ գտնեն: Եթե կողմերը հայտարարում են, որ պետք է բանակցեն, ուրեմն պետք է բանակցեն, եթե երկրում տեղի է ունենում հեղափոխություն, ուրեմն իշխանությունը պետք է հեռանա՝ ընդունելով հեղափոխականների պայմանները: Պարզապես հենց Հայաստանում գտնվող մարդը կարող է հասկանալ, թե ինչպիսին է իրավիճակը: Եթե իշխանությունը դեռ դիմադրում է, ուրեմն դեռ ամուր է, եթե ճնշումը շարունակվի, գուցեև իշխանությունը չդիմանա, կամ դիմանա և ստիպված լինի բանակցել, եթե ընդդիմությունը դրան համաձայնի: Դժվար իրավիճակ է»,- նման տեսակետ հայտնեց Գոբլը:
Նրա կարծիքով, Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ը Հայաստանում ստեղծված իրավիճակը ճանաչում և ընկալում է՝ որպես հեղափոխության կայացած փաստ, քանի որ տեղեկացնում է, որ ակնկալում է սերտ համագործակցություն ՀՀ նոր կառավարության հետ: «Բայց իրավիճակը փոխվում է ժամառժամ, դժվար է կանխատեսումներ անել: Հույս ունենք, որ իրավիճակը հնարավորինս անցնցում կլինի հայ ժողովրդի համար»,- ասաց Գոբլը:
Վերջինիս կարծիքով, դժվար է ասել, թե ինչ ապագա կունենան հայ-ամերիկյան հարաբերությունները, եթե Հայաստանում հեղափոխությունը կայանա, քանի որ ընդդիմադիր ուժը Հայաստանի արտաքին քաղաքականության մասին էական ոչինչ չի ասել, փորձելով կենտրոնանալ ներքին խնդիրների վրա: