«Հեղափոխությունը նոր միայն սկսվում է». Արմեն Բաղդասարյան

«Հայաստանում կատարվեց թավշյա հեղափոխություն։ Իմ գնահատմամբ՝ հեղափոխությունը նոր միայն սկսվում է, այսինքն՝ Սերժ Սարգսյանի հրաժարականն առաջին քայլն էր, հիմա սկսվելու է հեղափոխության բուն գործընթացը տևական և բարդ է լինելու։ Տեղի է ունենում այն, որ Հայաստանում իշխանությունը փոխվեց»,-այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։

Նա համաձայն չէ այն գնահատականների հետ, որ բանակցությունները ձախողվել են.

«Բանակցությունները շարունակվելու են, դրա այլընտրանքը չկա, և բանակցությունների արդյունքում մեզ, այնուամենայնիվ, հաջողվելու է զերծ մնալ ցնցումներից։ Այլևս միանշանակ է, որ վարչապետի թեկնածուն պետք է լինի Նիկոլ Փաշինյանը՝ երկու պատճառով։

Առաջին՝ շարժումը ղեկավարել և Սերժ Սարգսյանին պարտադրել է ինքը, այսինքն՝ արտահերթ ընտրությունների նախադրյալը ստեղծել է ինքը, և երկրորդ՝ նոր վարչապետն, առաջին հերթին, պետք է իրականացնի ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ՝ ունենալով իշխանական լծակներ։

Կարդացեք նաև

Այնպիսի ընտրություններ պետք է անցկացնի, որոնց նկատմամբ հասարակության մեջ որևէ կասկած չմնա։ Այսինքն՝ առաջնահերթ է հաջորդ վարչապետի նկատմամբ հասարակության վստահության խնդիրը։ Այսօր, ակնհայտորեն, վստահության ամենամեծ պաշարն ունի Նիկոլ Փաշինյանը։ Նրա կազմակերպած ընտրությունների նկատմամբ հասարակության վստահությունն առավել մեծ կլինի»։

Վերլուծաբանի խոսքով՝ խորհրդարանի հանրապետական մեծամասնությունն, ի վերջո, կհանգի այն եզրակացությանը, որ վարչապետ պետք է լինի Նիկոլ Փաշինյանը։

«Ավելի տրամաբանական կլիներ, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ընտրվի վարչապետ, և օգտագործելով հզոր լծակները, որ Սահմանադրությամբ են տրված, մաքրի ավգյան ախոռները, քանդի ընտրակեղծիքների ամբողջ համակարգը, ԸՕ-ում փոփոխություններ իրականացնի՝ պառլամենտի ներկայիս կազմով, և արտահերթ ընտրությունները տեղի ունենան փոփոխված ԸՕ-ով և «Կուսակցությունների մասին» օրենքով։

Այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգի պայմաններում նորմալ ընտրություններ լինել չեն կարող։ Ռեֆորմների մի փաթեթ պետք է իրականացվի, որից հետո մի քանի ամսում անցկացվեն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։ Ժողովրդի այս ոգևորվածությունը հնարավոր կլինի գոնե այդքան ժամանակ պահպանել, ինչն էլ կլինի ազատ, արդար, նորմալ ընտրությունների հիմնական երաշխիքը»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս