Ժիրայր Սէֆիլյանի և Սասնա Ծռերի կոչը
Քաղաքացիական Սարդարապատի երիտասարդ մարտիկներին
Սիրելի երիտասարդնե՛ր, Հայրենաբնակնե՛ր և Արտերկրից ժամանածնե՛ր
Քաղաքացիական Սարդարապատի առճակատման փուլը մոտենում է ավարտին։
Հաղթում է Հայ ժողովուրդը, Հայաստանի Քաղաքացին։
Սակայն պատերազմը դեռ երկար է տևելու։
Մեր պատմության ընթացքում գրեթե չկա պարտված ճակատամարտի դեպք, սակայն պարտված պատերազմները քիչ չեն։
Պատերազմը, մեր այսօրվա պարագայում, Արցախյան շարժմամբ սկսված ազգային-ազատագրական պայքարն է։
Պատերազմը շահելու համար դուք պետք է մնաք պայքարի մեջ և առաջնորդեք այն շատ ավելի լայն՝ Ռուսաստանի գաղութատիրությունից ազատագրվելու և ազգային-քաղաքացիական ինքնիշխան պետություն կառուցելու ակոսով։ Դա պատերազմի ներկայիս հանգրվանն է։
Այդ ակոսից դուրս չգալու և արդյունքի հասնելու համար դուք պետք է շարունակեք ճնշումը գաղութային համակարգի բաղադրիչների և առանձին ներկայացուցիչների վրա՝ մինչև նրանց լիակատար վնասազերծումը և ռևանշի վտանգի չեզոքացումը։
Դրա համար, օրինակ, հարկավոր է բացառել ՀՀԿ-ի և նրա ղեկավար ներկայացուցիչների մասնակցությունն առաջիկա արտահերթ ընտրություններին։ ՀՀԿ-ն պետք է արգելվի և, որակվելով հանցավոր համագործակցություն, ենթարկվի քրեական պատասխանատվության։ Բացի այդ, որոշումներ կայացնելու մակարդակի բոլոր պաշտոնյաներն ու գործիչները, որ ռեժիմին են ծառայել, պետք է ցմահ զրկվեն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։
Սրանք ապագաղութացման և լյուստրացիայի առաջնահերթ նվազագույն քայլեր են, որոնք կերաշխավորեն ռևանշի խափանումը և ազատ ընտրությունները։
Արտերկրաբնակ երիտասարդնե՛ր։
Շատ ողջունելի է, որ գալիս եք Հայաստան և տեր եք կանգնում երկրին։
Հույժ կարևոր է, որ Արտերկրից դեպի Հայրենիք երիտասարդ հայորդիների հոսքը շարունակվի, հզորանա և ակտիվորեն մաս կազմի ազատագրական պայքարին և պետականաշինությանը։
Գիտցե՛ք, հոգնել չկա՛, հուսահատվել չկա՛, եղեք նպատակասլաց և իրավատեր։
Դու՛ք եք տերը մեր երկրի
Ժիրայր Սէֆիլյան
Վարուժան Ավետիսյան (Սասնա Ծռերի անունից)
25-ը ապրիլի 2018թ., «Արմավիր» ՔԿՀ