«Մենք չենք ասում, որ վարչապետի ընտրությունները պետք է տեղի ունենան հրապարակում». Նիկոլ Փաշինյան

«Լուրեր են տարածվել, թե Կարեն Կարապետյանը Մոսկվայի միջոցով իր հարցերը լուծել է, և դառնալու է ՀՀ վարչապետ։ Ես կոչ եմ անում նման սադրիչ տեղեկություններ չտարածել, որովհետև այսօր հանդիպում եմ ունեցել Մոսկվայի պաշտոնական ներկայացուցիչների հետ և ստացել հավաստիացումներ, որ Ռուսաստանը չի միջամտում Հայաստանի ներքին գործերին»,- այսօրվա հանրահավաքի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ասաց, որ այն ժամանակ, երբ նշանակված էր բանակցությունները, իրենց զանգում էին ՀՀԿ-ական պատգամավորներ և ասում, որ Կարեն Կարապետյանն այդ բանակցություններում իրենց չի ներկայացնում.

«Դրանից հետո մենք առաջարկել ենք, որ բանակցային ֆորմատի քննարկումներին մասնակցեն Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղասարյանը, որովհետև մենք ուզում էինք համոզվել, որ բանակցում ենք իշխող կուսակցության, ոչ թե նրա մի փոքր հատվածի հետ։

Այսօր էլ ինձ մոտեցան ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների ներկայացուցիչներ և պաշտոնապես ասացին, որ այդ պատգամավորները պատրաստ են քվեարկել վարչապետի ժողովրդական թեկնածուի օգտին։ Այնպես որ, մենք պատրաստ ենք բանակցությունների, որոնք պետք է վերաբերեն իշխանության խաղաղ և անցնցում փոխանցմանը»։

Նրա խոսքով՝ այս օրերին Կարեն Կարապետյանն իր մոտ է հրավիրում դեսպաններին և ասում, թե շարժման ղեկավարները հակասահմանադրական գործողություններ են իրականցնում, երբ ասում են, թե վարչապետի ընտրությունը պետք է տեղի ունենա Հանրապետության հրապարակում.

«Ի դեպ, այսօր փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումից հետո, կառավարությունը մի հաղորդագրություն էր տարածել, թե իբր ԱՄՆ դեսպանն ասել է, որ ժողովրդավարություն չէ, երբ պահանջում են, որ վարչապետն ընտրվի Հանրապետության հրապարակում։ Քանի որ այսօր դեսպանի հետ մենք հանդիպում ունեինք նախատեսված, մենք պահանջեցինք, որ դեսպանին վերագրվող այդ և մյուս հայտարարությունները պարզաբանվեն և կես ժամ անց կառավարությունն իր կայքից հեռացրեց այդ խայտառակ լրատվությունը։ Սա ասում եմ՝ ցույց տալու համար, թե Կարեն Կարապետյանը ցայտնոտի մեջ՝ ինչպիսի ստահոդ հնարքների է դիմում։ Սա ուղղակի ամոթալի երևույթ է»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենց հավաքներն ապօրինի չեն, իրենց բոլոր գորողությունները 100 տոկոսով համապատասպանում են ՀՀ օրենսդրությանը. «Մենք չենք ասում, որ վարչապետի ընտրությունները պետք է տեղի ունենան հրապարակում, այլ ասում ենք, որ հրապարակն ու ՀՀ ժողովուրդն ունի վարչապետի թեկնածու, և ԱԺ խմբակցությունները պետք է հաշվի նստեն այս քաղաքական իրողության հետ, կոնսենսուսով առաջադրեն այդ թեկնածուին և քվեարկությամբ այդ թեկնածուին ընտրեն ՀՀ վարչապետ»։

Տեսանյութեր

Լրահոս