Երևանի հիվանդանոցներում բուժվում է հավաքներում տուժած 6 քաղաքացի. նրանցից մեկի վիճակը ծանր է
Երևանի բժշկական կենտրոններում բուժվում է հանրահավաքների տարբեր օրերին տուժած 6 քաղաքացի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հաղորդագրության մեջ նշված է. «Ապրիլի 25-ին, ժամը 18։30-ի դրությամբ Երևանի բժշկական կենտրոններում բուժվում է հանրահավաքների ընթացքում տարբեր օրերին տուժած 6 քաղաքացի։
Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել երեք քաղաքացի։ Նրանցից 2-ն առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել։ Մյուս տուժածի մոր տեղեկացմամբ՝ նրան գտել են անգիտակից վիճակում։ Կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ։ Մասնագետների գնահատմամբ վիճակը ծանր է։
Մյուս 5 տուժածի վիճակը բավարար է։ Բոլորը ստանում են անհրաժեշտ բուժում, գտնվում են բժիշկների աչալուրջ հսկողության ներքո»։