«Երիտասարդների վրա՞ են կրակ բացելու. դա անհնարին և դատապարտելի քայլ է». Սերժ Ավեդիքյան
Սերժ Սարգսյանի երրորդ կառավարման դեմ ընթացող «Իմ քայլը» նախաձեռնության խաղաղ անհնազանդության ցույցերն ավարտվեցին վարչապետի հրաժարականով, սակայն արդեն այսօր փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի չկայացած երկխոսության ֆոնին հանրապետությունում կրկին լարված մթնոլորտ է:
Այս պահին հանրապետության տարբեր հատվածներում, ինչպես նաև Երևանում վերսկսվել են խաղաղ անհնազանդության ցույցերը, միաժամանակ Մելիք-Ադամյան փողոցի վրա գտնվող ՀՀԿ գրասենյակի մոտ մեծ թվով ոստիկանական զորքեր են տեղակայված: Ոստիկանները շրջափակել են կառավարության շենքը:
«Մեր առաջին կոչը երկխոսության կանչ էր, և այն մնում է ուժի մեջ,- 168.am-ի հետ զրույցում նշում է ֆրանսաբնակ ռեժիսոր և դերասան Սերժ Ավեդիքյանը և հավելում,- իհարկե, իշխանությունը պետական համակարգի ընձեռած օրենքի ուժով ցանկանալու է պահպանել իր դիրքերը, որոնք, սակայն, տվյալ պարագայում անհավասարակշիռ են լինելու՝ մի կողմից՝ փողոց դուրս եկած բազմահազար ցուցարարների պահանջն է, մյուս կողմից՝ Հանրապետական կազմի որդեգրած դիրքորոշումը:
Ուրեմն, ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է՝ անհապաղ կերպով միջնորդ կողմեր ձևավորվեն, որպեսզի խաղաղ հանգուցալուծմանն ուղղված երկխոսությունը կայանա: Իսկ ի՞նչ է պատրաստվում անել հակառակ պարագայում իշխանական կողմը՝ զորքի միջոցո՞վ հարցերը լուծել: Բոլորիս համար էլ պարզ է, որ այս շարժման ողջ ընթացքում մեծ է եղել և շարունակում է մեծ մնալ երիտասարդ զանգվածի դերը: Նրանց վրա՞ են կրակ բացելու, դա անհնարին և դատապարտելի քայլ է»:
Անդրադառնալով երկրի ներսում այս օրերին ստեղծված իրավիճակում Սփյուռքի դերին՝ Սերժ Ավեդիքյանը նշում է. «Տեսնենք, թե ինչպե՞ս է Սփյուռքն իր դերը կատարելու այս օրերին զարգացող իրավիճակում ոչ միայն՝ Սերժ Թանկյանի, Արսինե Խանջյանի և այլոց կողմից հնչեցրած կոչերով, այլ Սփյուռքում գործող կազմակերպությունների միջոցով, որոնք ևս պետք է ենթարկվեն կոնկրետ փոփոխությունների»: