«Ինձ համար անձնապես ընդունելի է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, բայց պետք է քննարկենք կուսակցությունում». Նաիրա Զոհրաբյան
«Իշխանությունը պետք է հեռանա, իշխանությունն իրենց պապական սեփականությունը չէ, պետք է ունենան արժանապատվություն՝ տեսնելով այս համազգային ընդվզումը, առանց մանիպուլյացիաների՝ հեռանան»,- «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերով ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Հարցին՝ Դուք էլ եք գտնո՞ւմ, որ պետք է լինի ժողովրդի վրաչապետի թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, Ն. Զոհրաբյանն այսպես պատասխանեց. «Ժողովրդի ձայնը, որոշումը պետք է հարգել, բայց հասկանալի է, որ ընտրությունը լինելու է խորհրդարանում, ու որքան ՀՀԿ-ն շուտ հասկանա, որ ավելորդ համառելն աշխատելու է իրենց և ժողովրդի դեմ, այնքան հանգուցալուծումն ավելի խաղաղ կլինի: Այսօր այս շարժումը վկայում է մի բանի մասին, որ ժողովրդի դեմ ոչ ոք չի կարող դուրս գալ: Ժողովրդի դեմ ցանկացած քայլ, նախաձեռնություն, ի սկզբանե տապալված է»:
Հարցին՝ դուք կպաշտպանե՞ք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, Ն. Զոհրաբյանն ասաց, որ այդ հարցը պետք է քննարկվի իրենց կուսակցությունում. «Ինձ համար անձնապես ընդունելի է, ու չեմ կարծում, որ այդ թեկնածությանը դեմ լինեն, բայց պետք է քննարկենք»:
Խոսելով իշխանությունների հետ սպասվող բանակցությունների մասին՝ Ն. Զոհրաբյանը պատասխանեց, որ բանակցությունները մեկ օրակարգով պետք է լինի՝ իշխանությունն անցնցում հանձնելու. «Այլ օրակարգ չի կարող լինել»:
Դիտարկմանը՝ երբ Սերժ Սարգսյանը վարչապետի թեկնածու էր, ձեր խմբակցության 1/3-ը նրան «կողմ» քվեարկեց, Ն. Զոհրաբյանն այսպես արձագանքեց. «Դուք իրավունք ունեք մեզ այդ հարցը տալու: Ես և իմ գործընկերների մի մասը «դեմ» ենք քվեարկել Սերժ Սարգսյանին, և ես մնում եմ այն կարծիքին, որ իմ գործընկերները պետք է դեմ քվեարկեին: Ես կարծում եմ՝ յուրաքանչյուրն ուներ ինձ համար անհասկանալի ու անընդունելի մոտիվացիա»: