Ավստրալիայում կենգուրուներին արգելել են հաճախել բար
Արեւմտյան Ավստրալիայի կենսաբազմազանության դեպարտամենտը Ջոն Ֆորեսթի Ազգային բնայգու տարածքում տեղավորված բարի սեփականատերերին արգելել է ներս թողնել եւ կերակրել կենգուրուներին: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը:
Բարի սեփականատերերը կենգուրուներին անասնաբույժների կողմից հավանության արժանացած բուսական մյուսլիով էին կերակրում վերջին 19 տարվա ընթացքում, բայց այժմ, արգելքի սահմանումից հետո, դա նրանց վրա կարող է 2 հազար դոլար տուգանք նստել:
Բարի սեփականատերերը հայտարարում են, որ կենդանիները սովորել են մտնել բար, իսկ նրանցից շատերն իրենք են կարողանում բացել մուտքի դուռը: Նրանք երկյուղում են, որ արգելքի սահմանումից հետո, ուտելիք չստանալով, պարկավորները կարող են ագրեսիվ դառնալ: Նաեւ նրանք չէին ցանկանա կորցնել հաճախորդներին, քանի որ շատերն այդ վայրը անվանում են «կենգուրուների բար», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: