«Սերժ Սարգսյանը հեռացավ, բայց պետք է լինի մեկը, ով կստանձնի երկրի ժամանակավոր ղեկավարի պաշտոնը». Արեն Ապիկյան

Սերժ Սարգսյանի երրորդ կառավարման դեմ ընթացող բողոքի ցույցերն ավարտվեցին վարչապետի հրաժարականով: Երեկ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած եզրափակիչ հանրահավաքի ընթացքում նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում պետք է տեղի ունենա վարչապետի նոր թեկնածուի նշանակումը, միաժամանակ պետք է նշանակվի ժամանակավոր կառավարություն, որից հետո հնարավորինս արագ պետք է տեղի ունենան խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդի կողմից հայտարարված քայլերի և դրանց հնարավոր հետևանքների մասին 168.am-ը լսել է բիզնես-խորհրդատու Արեն Ապիկյանի տեսակետը.

«Ես, ճիշտն ասած, լավ չեմ հասկացել ժամանակավոր վարչապետի ընտրության մեխանիզմը: Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ ընտրությունը տեղի է ունենալու ժողովրդի կողմից, առաջիկա շաբաթվա ընթացքում: Ես ուզում եմ հասկանալ, թե ինչպե՞ս է դա հնարավոր, որովհետև ժողովրդի կողմից վարչապետի ընտրության մեխանիզմ գոյություն չունի: Փոխարենը՝ գոյություն ունի ժողովրդի կողմից ԱԺ ընտրության մեխանիզմ, որը, իր հերթին, ընտրում է վարչապետին: Հետևաբար՝ վարչապետի ընտրության այլ օրինական ճանապարհ, քան ԱԺ-ի կողմից առաջարկված թեկնածուի ընտրությունն է՝ ես չեմ տեսնում, եթե, իհարկե, մենք խոսում ենք Սահմանադրությամբ նախատեսված ընտրությունների մասին: Չեմ բացառում՝ գուցե իրենք գիտեն այդպիսի ուղի, գուցե այդ մեխանիզմն իրենց համար է հստակ, և իրենք դրանք դեռևս չեն բացատրել ժողովրդին, չգիտեմ: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանի նախանշած բոլոր հետագա քայլերն արդեն հասկանալի են՝ ժամանակավոր կառավարություն, ԱԺ նոր ընտրություններ, և այլն»:

Ստեղծված իրավիճակում, ըստ Ա. Ապիկյանի, ճիշտ կլինի ապահովել նորմալ իշխանափոխության մեխանիզմների իրականացումը.

«Երկիրը չի կարող կանգ առնել և սպասել, այն պետք է շարունակի զարգացման բնականոն ընթացքը: Սերժ Սարգսյանը հեռացավ, բայց պետք է լինի մեկը, ով կստանձնի երկրի ժամանակավոր ղեկավարի պաշտոնը: Ըստ իս, տրամաբանական և ճիշտ կլիներ պայմամավորվածությունը ձեռք բերել գործող փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որպեսզի հենց առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակվեն, որը տեղի կունենա մինչև օրենքով սահմանված ժամանակը:

Այդ ընթացքում գործող կառավարությունը կշարունակեր կատարել իր ժ/պ ֆունկցիաները, մինչև նորմալ նոր ընտրությունների անցկացումը: Թե ովքե՞ր կստանան մեծամասնության օրինական քվեն այդ ընտրությունների ընթացքում, նրանք էլ իրավունք կստանան ձևավորելու նոր կառավարությունը, ինչպես և պահանջում է գործող սահմանադրական կարգը»:

Նոր վարչապետի թեկնածուի սեփական նախընտրությունների մասին մեր հարցին Արեն Ապիկյանն արձագանքում է.

«Ներքաղաքական կյանքի վերջին զարգացումների ֆոնին դա, թերևս, ինձ համար ամենածանր հարցն էր, որ անընդհատ տալիս էի ինքս ինձ: Այս պահին սեփական նախընտրած թեկնածու չունեմ: Կարծում եմ՝ տեսականորեն ներկայանալիք յուրաքանչյուր քաղաքական ուժից էլ նախընտրելի թեկնածուներ կարող են լինել: Այսինքն, քաղաքական ուժերից բոլորն էլ կունենան այնպիսի թեկնածու, ով կարող է հանդես գալ այդ դերում, բայց թե ո՞վ կլինի, դա կորոշի մեծամասնության ձայնը: Անձամբ ես այս պահին զերծ կմնայի որևէ անուն բարձրաձայնելուց՝ չքաղաքականացնելու համար սեփական դիրքորոշումս»:

Տեսանյութեր

Լրահոս