«Քաղաքական գործունեության մեջ սիրել-չսիրել կատեգորիաները չկան». Դավիթ Տոնոյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց, որ քաղաքական թիմի անդամ է եղել, որովհետև նշանակվել է նախարար։
Լրագրողի դիտարկմանը՝ փաստորեն չէր սիրում իր քաղաքական թիմի ղեկավարին, նա այսպես արձագանքեց. «Գիտեք ինչ՝ քաղաքական գործունեության մեջ սիրել-չսիրել կատեգորիաները չկան»։
Հարցին՝ ըստ ձեզ՝ ժողովուրդը մերժե՞ց Սերժ Սարգսյանին, նա պատասխանեց, որ եղել է շատ մեծ դժգոհություն, որի գնահատականը տվել է Սերժ Սարգսյանը և հրաժարական է ներկայացրել։
Պատրա՞ստ է Տոնոյանն աշխատել նոր իշխանությունների հետ՝ հարցին, նա պատասխանեց. «Ես դեռևս պատրաստ եմ պաշտոնավարել՝ մինչև Սահմանադրությամբ սահմանված կարգով, օրենքներով սահմանված կարգով այդ հնարավորությունն ինձ տրվել է» ։
Դավիթ Տոնոյանի համար այդքան էլ սպասելի չէր Սերժ Սարգսյանի հրաժարականը։
«Եթե վարչապետը կայացրել է այդ որոշումը, ուրեմն արդարացված է եղել»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։