Նյու Յորքում Christie՚s-ի աճուրդի ամենաթանկ լոտը դարձել է Կրանախի կտավը
Նյու Յորքում ապրիլի 19-ին ռեկորդային գումար՝ 7,7 միլիոն դոլար է վճարվել Christie՚s-ի աճուրդում Սաքսոնիայի կուրֆյուրստ Յոհան Ֆրիդրիխ Մեծահոգու դիմանկարի համար, որը 1531 թվականին նկարել է Լուկաս Կրանախ Ավագը (1472 – 1553): Այս մասին ՏԱՍՍ-ին պատմել է աճուրդային տան ներկայացուցիչ Ջենիֆեր Քամինեյլը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին այս կտավը նացիստները հափշտակել էին մասնավոր հավաքածուից, եւ վերջին 75 տարվա ընթացքում այն համարվում էր կորած:
Պիտեր Պաուլ Ռուբենսի (1577 – 1640) վրձնի «Այծամարդը՝ խաղողի եւ սերկեւիլի զամբյուղով, եւ հավերժահարսը» կտավը, որն ստեղծվել է ենթադրաբար 1620 թվականին, վաճառվել է 5,7 միլիոն դոլարով՝ 5 – 7 միլիոն դոլար սկզբնական գնահատման դեպքում:
Ամբողջությամբ վերցված, Christie՚s-ի մամուլի ծառայության տվյալներով՝ հին վարպետների գործերի աճուրդը 36,5 միլիոն դոլար է բերել: