
«Վստահ եմ, որ դրանից բոլորը պետք է եզրակացություն անեն». Կարեն Կարապետյանը

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն արձագանքել է ընդդիմադիր դաշտում հնչող կարծիքներին, թե վարչապետ Սերժ Սարգսյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում վարչապետի կողմից մարտի 1-ի դեպքերի մասին հիշեցնելն այդ դեպքերի կրկնության սպառնալիք էր:
Ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ առաջին փոխվարչապետը շեշտեց, որ դա սպառնալիք չէր, այլ հիշեցում մեր պատմության մեջ դաժան և դառը օրերի մասին: «Ես վստահ եմ, որ դրանից բոլորը պետք է եզրակացություն անեն»,- նշեց Կարապետյանը:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքներին՝ առաջին փոխվարչապետն ընդգծեց, որ բոլորը, այդ թվում՝ ինքն ակնկալում էին, որ այդ հանդիպումը կտա որոշակի տարբերակներ, որոշակի ճանապարհային քարտեզ, թե ինչպես ենք այս իրավիճակից դուրս գալիս:
«Բանակցությունը, կամ երկխոսությունը ենթադրում է, որ ինչ-որ մեկը գալիս է խոսելու, մեկը մյուսին լսելու, հնարավոր է՝ լուծում գտնելու, հնարավոր է՝ ոչ: Բայց երբ հանդիպումը լինում է ուլտիմատիվ, դա երկխոսություն չէ»,- նշեց Կարապետյանը:
Նրա գնահատմամբ՝ ակնհայտ է, որ կողմերից մեկը չէր եկել բանակցելու, չէր եկել այն տրամաբանությամբ, որ ինքը լուծում էր ցանկանում գտնել: