
«Ում ձեռքին որ այս պահին զենքն է, նա էլ պատասխանատվություն է կրելու». Լալա Մնացականյան

Վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատև հանդիպմամբ չի հաջողվել կանխել լարվածության խորացումը: Երկրի ներքաղաքական կյանքում ժամ առ ժամ սրվում է լարվածության մթնոլորտը: Կան բերման ենթարկված բազմաթիվ անձինք, ովքեր բուժօգնություն են ստանում հանրապետության տարբեր բուժհաստատություններում:
Ստեղծված իրավիճակի շուրջ 168.am-ը լսել և փոխանցում է ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լալա Մնացականյանի սթափության կոչը.
«Բանակցություն, ըստ էության, չի եղել, երկխոսություն չի կայացել: Վարչապետն ինքն առաջինը լքեց բանակցային սեղանը և հեռացավ: Արդյունքում՝ այն, ինչ հիմա կատարվում է մեր երկրում ոչ թե վտանգավոր, այլ խիստ վտանգավոր է: Սա արդեն ժողովրդի վրա հարձակում է, հետևաբար՝ սթափության կոչ եմ ուզում անել նրանց, ում ձեռքին է այս պահին զենքը, այսինքն՝ իշխանություններին:
Ժողովուրդն այս իրավիճակում միայն պաշտպանվողի դերում է, հիմա ի՞նչ՝ իշխանությունն իր ժողովրդի վրա՞ է կրակ բացելու, ժողովրդի վրա՞ է հարձակվելու: Հետևաբար՝ ում ձեռքին որ այս պահին զենքն է, նա էլ պատասխանատվություն է կրելու ժողովրդին կոտորելու համար, միայն նա, ուրիշ ոչ մեկը»: