Բրիտանուհի Էլիս Թոմլինսոնը՝ տարվա լուսանկարիչ
Բրիտանուհի Էլիս Թոմլինսոնը տարվա լուսանկարիչ է ճանաչվել Sony World Photography Awards մրցույթում, որն անկացնում է Լուսանկարչության համաշխարհային կազմակերպությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են մրցույթի մամուլի ծառայությունում, որի ժյուրին ապրիլի 19-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղքում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ հրապարակել է հաղթողների անունները:
Պատվավոր տիտղոսը եւ 25 հազար դոլարի մրցանակը լոնդոնցի 43-ամյա լուսանկարչին բերել է նրա Ex-Voto կոչվող նախագիծը: Աշխատանքը, որն ստացել է ժուրիի ամենաբարձր գնահատականը, ներառում է դիմանկարներ, լայնֆորմատ բնապատկերներ եւ այսպես կոչված էքս-վոտոների կամ վոտիվային առարկաների՝ ի նշան երախտագիտության սրբերին նվիրաբերումերի առարկայացված պատկերները, որոնք կարելի է տեսնել կրոնական պաշտամունքի վայրերում Լուրդում (Ֆրանսիա), Բալիվուռնիում (Իռլանդիա) եւ Գրաբարկայում (Լեհաստան):
Նույն օրը հայտարարվել են նաեւ հաղթողները մրցույթի տասը պրոֆեսիոնալ անվանակարգերից յուրաքանչյուրում: Աշխարհի ավելի քան 200 երկրներից լուսանկարիչներն ընդհանուր առմամբ մրցույթին էին ներկայացրել 320 հազար աշխատանքներ: Սա ռեկորդային ցուցանիշ է մրցույթի 11-ամյա պատմության ընթացքում եւ 40 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա հայտերի քանակը: