«Միանշանակ է՝ ժողովրդական այս ցասումը պետք է բացառապես ժողովրդավարական մեթոդներին համապատասխան լուծում ստանա». Սերժ Ավեդիքյան

Երևանի բոլոր համայնքներում, հատվածաբար՝ նաև Հանրապետության մարզերում շարունակվում են ԱԺ պատգամավոր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» նախաձեռնության խաղաղ անհնազանդության հանրահավաքները:

Երկրում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ 168.am-ը շարունակում է լսել և ներկայացնել մտավորականության ներկայացուցիչների դիրքորոշումները:

Մեր զրուցակից ֆրանսաբանակ ռեժիսոր և դերասան Սերժ Ավեդիքյանը մեզ հետ զրույցում նշում է՝ հայաստանյան այս օրերի իրադարձություններին հետևում են ամենայն ուշադրությամբ և ոչ կողմնակի հայացքով.

«Նախօրեից Սփյուռքում ապրող արվեստագետների հետ միասին ստորագրահավաք ենք կազմակերպել, որով մեր զորակցության կոչն ենք հայտնում Հայաստանում այս օրերին տեղի ունեցող խաղաղ ցույցերին: Կոչին միացել են Ատոմ Էգոյանը, Էրիկ Նազարյանը, Ժակի Ներսիսյանը և այլք: Մեկ օրում 500-ից ավելի ստորագրություն է հավաքվել: Զորակցության տեքստը երեք լեզվով է և պարզորոշ կերպով ձևակերպում է մեր դիրքորոշումը՝ Հայաստանում այս օրերին տեղի ունեցող դեպքերի առնչությամբ: Անհրաժեշտ է, որպեսզի Կառավարությունը լսի փողոցի ձայնը և լուրջ երկխոսության նստի ցուցարարների հետ՝ նրանց մտահոգող և փողոց հանած հարցերին սպառիչ և համոզիչ պատասխաններ տալու համար:

Մյուս կողմից՝ մենք ցուցարարներին հորդորում ենք շարունակել անհնազանդության ցույցերի խաղաղ ընթացքը՝ չվնասելով կամ վտանգի տակ չդնելով փողոց դուրս եկած որևէ մեկի անվտանգությունը: Շատ կարևոր է, որ ցույցերը շարունակվեն այնպես, ինչպես ընթանում են, այսինքն՝ ցուցարարների կողմից խաղաղության դիրքերից»:

Մանրամասնելով ստորագրահավաքի նպատակները, Սերժ Ավեդիքյանը հստակեցնում է՝ կոչը մեծապես ուղղված է Ազգային ժողովին: Անդրադառնալով երկրի նախագահի և վարչապետ կողմից հնչեցված երկխոսության կոչերին և շարժման առաջնորդի՝ դրանց նկատմամբ որդեգրած պատասխան քաղաքականությանը՝ Սերժ Ավեդիքյանը նկատում է.

«Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը սպասում է, որպեսզի ցուցարարների թիվն ավելի մեծանա՝ ակնկալելով առավել մեծ ուժերի ներգրավմամբ առավել հզոր շարժում, որպեսզի կարողանա առաջարկված երկխոսություններն ավելի կոնկրետ կերպով վարի: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում երկխոսության սեղանի շուրջ նստել՝ որպես ԱԺ պատգամավոր, այլ ցանկանում է երկխոսության նստել՝ որպես մի հզոր ընդդիմադիր շարժման առաջնորդ:

Հիմա մենք պատրաստվում ենք ֆրանսիական «Le Monde» պարբերականում տեքստ հրապարակել, որով և՛ ցուցարարներին, և՛ ցույցի առաջնորդին հարց ենք ուղղում՝ ո՞րն է նրանց հստակ պահանջը, և ինչպե՞ս են իրենք պատրաստվում դեմոկրատական ճանապարհներով հասնել իրենց պահանջների բավարարմանը:

Միանշանակ է, որ ժողովրդական այս ցասումը պետք է բացառապես ժողովրդավարական մեթոդներին համապատասխան լուծում ստանա, իսկ դա նշանակում է՝ ԱԺ նոր ընտրություններ, ընդ որում, մինչ նոր ընտրությունների կազմակերպումն ու անցկացումն այսօրվա կառավարությունը պետք է շարունակի աշխատել իր բնականոն ընթացքով՝ չխաթարելով և արտակարգ դրություն չմտցնելով երկրի ներքին բնականոն կյանքում:

Իսկ եթե այս ընդվզման օրակարգում միայն իշխանությունը տապալելու ծրագիրն է դրված, ապա դա արդեն բոլորովին այլ իրավիճակ է, որին շատ դժվար կլինի տրամաբանված ելքեր և հանգուցալուծում գտնել: Սա արդեն նշանակում է կտրուկ քայլեր՝ չբացառելով նաև նմանօրինակ կտրուկ հետևանքները»:

Անդրադառնալով այս օրերին Հայաստանում զարգացող իրադարձությունների հանգուցալուծման վերաբերյալ Սփյուռքի դերին՝ Սերժ Ավեդիքյանը նշում է.

«Մեր խնդիրն է, որպեսզի աջակցենք, որ կառավարությունը փողոցին լսելու լուրջ կամք դրսևորի և դա անի ստեղծված խնդիրները լուծելու, այլ ոչ՝ պարզապես մարդկանց ցասումն այս կամ այն կերպ մարելու և շարունակելու նախկին մեթոդներով իրականացնել երկրի կառավարումը: Էլ չեմ ասում, որ սարսափելի կարող են լինել հետևանքները, եթե հանկարծ իշխանությունը որոշի ուժի և բռնության դիրքերից լուծել ստեղծված իրավիճակը, ինչպես եղել է ամեն անգամ, երբ Հայաստանում ժողովուրդը դուրս է եկել փողոց՝ արտահայտելու իր արդարացի դժգոհությունը:

Հարկավոր է բացառել դրսից եկող ցանկացած միջամտություն՝ լինի Ռուսաստանի, ԱՄՆ-ի թե Եվրոպայի կողմից: Այս շարժումը պետք է հանգուցալուծվի բացառապես հայ ժողովրդի՝ Սփյուռքի և տեղացիների միասնական դիրքորոշմամբ: Չմոռանանք, որ սա պարզապես բողոք կամ դժգոհություն չէ, այլ, ինչպես տեսնում ենք, ժողովրդական անհնազանդության համատարած դրսևորում»:

Միաժամանակ, Սերժ Ավեդիքյանը նկատում է՝ առաջին անգամ է, որ Սփյուռքի ակտիվիստները սկսում են ի մի գալ՝ ի դերև դնելով հստակ դերակատարում Հայաստանում տեղի ունեցող զարգացումների հանգուցալուծման խնդրի շուրջ.«Հենց այս պահին Փարիզում և Բեռլինում հայկական դեսպանատների առջև ցույցեր են ընթանում.

«Այս նոր շարժումը հնարավորություն է տվել, որպեսզի Սփյուռքն էլ բողոքի ելած ժողովրդի հետ երկխոսության մեջ մտնի, և դա շատ լավ միջոց է, հատկապես, երբ այդ երկխոսությունը տեղի է ունենում ոչ թե՝ այս կամ այն կազմակերպությունների միջոցով, այլ՝ կոնկրետ անհատների: Ստեղծվել է մի իրավիճակ, այդ թվում՝ նաև երկխոսությունների գնալու կոչերի ֆոնին, որտեղ անհրաժեշտ է հեղինակություն վայելող անհատների ներկայություն:

Այս մարդիկ պետք է լինեն ժողովրդի կողմից ընտրված անհատականություններ, ովքեր չեն պատկանի այս կամ այն քաղաքական ուժին կամ կուսակցությանը: Երկխոսության նստելու հարցը պետք է լուծվի նրանց անմիջական միջամտությամբ:

Եթե կան այնպիսի անհատներ, ովքեր իսկապես մտածողներ են և կարող են առաջարկություններ անել ստեղծված վիճակից առանց բախումների և արյունահեղության դուրս գալու համար, ապա այդ ուժը պետք է արագ կազմավորվի և գործի դրվի: Ի վերջո, ի՞նչ է սպասվում մեզ հակառակ պարագայում և հավանաբար շատ մոտ ապագայում՝ արյունահեղություն և արտագաղթի մեծ ալիք, որտեղ առաջին շարքերում կլինեն այս շարժման հիմքում կանգնած՝ հերթական անգամ հիասթափություն ապրած երիտասարդները»,- ասաց կինոգործիչը:

Տեսանյութեր

Լրահոս