Փաշինյանը՝ իշխանությունների հետ երկխոսության և քաղաքական հետագա զարգացումների մասին
«Ժողովուրդ, էսօր էս ինչ արեցիք, էս ինչ բոմբել բոմբեցիք։ Այլևս ամբողջ աշխարհն է տեսնում, որ սա ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխություն է, որը հաղթելու է շատ շուտով»,- այսօր Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
«Արդեն քանի օր իշխանության ներկայացուցիչները խոսում են մեզ հետ երկխոսություն սկսելու իրենց պատրաստակամության մասին և ձևակերպում են, թե իշխանությունը պատրաստ է երկխոսել»,- ասաց նա՝ ինչին ի պատասխան՝ հանրահավաքի մասնակիցները սկսեցին բղավել՝ «ուշ է»։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երկխոսությունն ուշ է, գնացքը գնացել է. «Բայց դա չի նշանակում, թե մենք պատրաստ չենք որևէ քննարկում ունենալ։ Մենք, իհարկե, պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման, հրաժարականի ժամկետները և դրա հետ կապված որոշ պայմաններ։ Ես պատրաստ եմ ասել՝ մենք վրեժխնդրություններ չենք ուզում, և եթե Սերժ Սարգսյանը օր առաջ բացի իր աչքերը և օր առաջ հրաժարական տա, դա միայն ու միայն օգուտ կբերի նրան և ՀՀ-ին»։
Փաշինյանը նշեց, թե ինչպես են պատկերացնում հետագա քաղաքական զարգացումները. «Առաջին՝ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից, երկրորդ՝ ԱԺ-ն վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին, երրորդ՝ ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, չորրորդ՝ ՀՀ օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց հետո 20 օրվա ընթացքում պետք է ԱԺ-ն հավանություն տա կառավարության ծրագրին։ Երբ ձևավորվում է ժամանակավոր կառավարություն, քաղաքական պայմանավորվածության համաձայն՝ ԱԺ-ն չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Ահա այս կետերը պատրաստ ենք քննարկել ՀՀԿ ներկայացուցիչների հետ, բայց այստեղ կա մի կարևոր նախապայման, որ տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները որևէ մեկի կողմից կասկածելի չպետք է լինի, դա պետք է լինի 100 տոկոսով ազատ, արդար ընտրություններ, և այդ ընտրություններում հաղթող պետք է լինի ժողովուրդը»։