
Սվազիլենդը վերանվանեցին Իսվաթինիի Թագավորություն

Սվազիլենդի Մսվաթի Երրորդ թագավորը հայտարարել է պետության վերանվանման մասին. այժմ երկիրը կկոչվի Իսվաթինի, ինչը տեղի լեզվով նշանակում է «սվազի ժողովրդի երկիր»:
Այդ մասին հայտնել է Զիմբաբվեի Zimeye լրատվական կայքը: «Ես կցանկանայի հայտարարել, որ Սվազիլենդը վերադառնում է իր վաղնջական անվանը: Այսուհետեւ երկիրը պաշտոնապես կկոչվի Իսվաթինիի Թագավորություն»,- ասել է թագավորը՝ Մանզինի քաղաքում ելույթ ունենալով երկրի անկախության 50-ամյակի առիթով, որը համընկել է իր 50-ամյակի հետ:
Սվազիլենդը ոչ մեծ պետություն է, որը գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետության եւ Մոզամբիկի միջեւ: Երկրի բնակչությունն ավելի քան 1,4 միլիոն է:
2013 թվականին հայտնի էր դարձել, որ Մսվաթի Երրորդն իր համար ընտրել է հերթական հարսնացուին: Independent Online-ի տեղեկատվությամբ՝ գեղեցկության մրցույթի 18-ամյա ֆինալիստուհի Սինդիսվա Դլամինին դարձել է թագավորի 15-րդ կինը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: