«Որևէ զարմանալի բան չկա այստեղ». Դավիթ Հարությունյանը՝ «Մերժիր Սերժին» կարգախոսի մասին
«Արդյո՞ք կային անձինք, որոնք դեմ էին, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ, իհարկե կային, և որևէ կասկած չկա դրանում։ Երկրում չկա համասեռություն, և դուք չեք տեսել համապետական ընտրություններ, երբ մեկը ստանա 70-80 տոկոս ձայն։ Բնականաբար, կային տարբեր կարծիքներ, կային տարբեր թիմերի սատարողներ, և այս դեպքը բացառություն չէ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը։
«Այն, որ տեղի ունեցան ցույցեր, թեև դրանք անվանում են խաղաղ, առանց զենքի ցույցեր, չնայած ես չեմ կիսում այդ գնահատականը. որոշ դեպքերում անցնում է այդ խաղաղ լինելու սահմանագիծը այդ հանրահավաքը, այնուամենայնիվ, սա սովորական երևույթ է, մարդիկ իրավունք ունեն արտահայտելու իրենց հայացքներն այնքան ժամանակ, քանի դեռ չեն խախտում օրենքը»,- ասաց նա։
Հարցին՝ Սերժ Սարգսյանը լեգիտի՞մ վարչապետ է, որովհետև ժողովրդի մի մասը դեմ է նրան, նա այսպես պատասխանեց. «Ժողովրդավարությունը հենց դա է, երբ մի մասնիկը համաձայն չէ, մյուս մասնիկը համաձայն է։ Ընտրությունների պատկերը թույլ է տալիս որոշել՝ երբ կա անհամաձայնություն հասարակությունում։ Իսկ ես ձեզ վստահեցնում եմ՝ Հայաստանում միշտ լինելու են հակադիր հայացքներով տարբեր քաղաքական թիմեր, և երբ կա նման պատկեր, ապա ի վերջո, ո՞վ պետք է ընտրվի վարչապետ, ո՞վ պետք է ստանձնի քաղաքական պատասխանատվությունը։ Դա կոչվում է Ընտրական օրենսգիրք»։
Լրագրողը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս եք վերաբերվում «Մերժիր Սերժին» կարգախոսին։
«Ես համարում եմ՝ ցանկացած այլ քաղաքական կարգախոս դա դասվում է այդ կարգախոսների թվին, և որևէ զարմանալի բան չկա այստեղ։ Այսինքն՝ որպես կարգախոս, սա սովորական կարգախոս է»,- ի պատասխան՝ ասաց նա։