Նիկոլ Փաշինյանը հորդորեց ոստիկաններին միանալ իրենց
Քիչ առաջ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, որտեղ մի քանի նախարարություններ են գործում, Նիկոլ Փաշինյանը հորդորեց ոստիկաններին միանալ իրենց շարժմանը:
Նա խնդրեց ոստիկաններին մտածել այն մասին, թե ինչո՞վ է իրենց շարժումը հակասում նրանց նպատակներին: Նա նշեց, որ ոստիկանները շատ ցածր աշխատավարձ են ստանում, ինչի համար ստիպված են լինում շաբաթ և կիրակի օրերին ուրիշ աշխատանքներ կատարել:
«Երբ հասնենք Բաղրամյան պողոտա, ես հորդորում եմ ցած նետել ձեր բոլոր սաղավարտները և մահակները: Մտածեք, թե ո՞ւմ եք պաշտպանում, որ գնաք շաբաթ- կիրակի օրերին ցեմենտ-բիտոն անե՞ք»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:
Այնուհետև, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ զրույցում նա նույնպես բարձրացրեց ոստիկանների ցածր աշխատավարձի հարցը:
«Դուք քաղաքական ոլորտն եք ընտրել, մենք՝ իրավապահ ոլորտը, որ պաշտպանենք նաև ձեզ և մյուս քաղաքացիներին»,- ասաց Վ. Օսիպյանը:
Դավիթ Սանասարյանն էլ ասաց, որ ինքը ոստիկան գիտի, որ այնքան հոգնած է իր աշխատանքից, որ ասում է՝ «քրչոտ աշխատավարձ եմ ստանում, թողեք գնամ՝ իմ քրչոտ աշխատավարձը ստանամ»:
Ի պատասխան՝ Վ. Օսիպյանն էլ ասաց. «Դուք էդպես եք ասում, բայց մարդիկ էլ կան, որ բերում ենք բաժին, ասում են զզվցրեցին էլի, ես էլ չեմ ուզում գալ, էլ չեմ գալու, էդպիսիններն էլ կան»:
Դավիթ Սանասարյանը Վ. Օսիպյանին նաև տեղեկացրեց, որ ոստիկանները բռնի ուժ են կիրառել լրագրողներից մեկի նկատմամբ: