Լոնդոնն ընդունեց, որ ՔԶԱԿ-ը չի նշել Սկրիպալներին թունավորած նյութի ծագման երկիրը
Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը չի պարզել այն նյութի ծագման երկիրը, որով թունավորվել էին Սերգեյ եւ Յուլյա Սկրիպալները: Ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, դա ապրիլի 18-ին խոստովանել է ՔԶԱԿ-ին առընթեր Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Փիտեր Ուիլսոնը՝ ելույթ ունենալով կազմակերպության Գործադիր խորհրդի՝ Սոլսբերիի միջադեպին նվիրված արտահերթ նիստում։
«Ո՛չ Պորտոն-Դաունի լաբորատորիան, ո՛չ ՔԶԱԿ-ը չեն նույնականացրել այն ագենտի ծագման երկիրը կամ լաբորատորիան, որն օգտագործվել է գրոհի ընթացքում»,-արձանագրել է նա: Այդուամենայնիվ, Ուիլսոնը կարծիք է հայտնել, որ «մեծ աստիճանի հավանականությամբ» դա Ռուսաստանն է, քանի որ հենց նա է տիրում նման հանցագործություն կատարելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների եւ ուներ դրդապատճառ:
«ՔԶԱԿ-ի հետազոտությունները հաստատեցին քիմիական նյութի տեսակի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի անալիզը,-նշել է Ուիլսոնը:-Այն հաստատում է մեր եզրակացություններն այն մասին, որ Սոլսբերիում օգտագործվել է նյարդակաթվածահարական ագենտ, որը հայտնի է որպես «Նովիչոկ»: Ընդ որում՝ մշտական ներկայացուցչի խոսքով, նյութի առավել մեծ կուտակում է հայտնաբերվել Սկրիպալների տան բռնակի վրա:
Ուիլսոնը նաեւ նշել է, որ Լոնդոնը պարտավորվում է Սկրիպալի գործի վերաբերյալ Մոսկվայի հարցերին պատասխանել հարցումն ուղարկելու պահից տասնօրյա ժամանակամիջոցում, այսինքն՝ մինչեւ ապրիլի 23-ը ներառյալ: «Ապրիլի 13-ին ՌԴ-ն Մեծ Բրիտանիային հարցերի ցուցակ է հանձնել Քիմիական զենքի արգելման կոնվենցիայի 9-րդ հոդվածի համաձայն,- ասել է նա:- Մենք կպատասխանենք այնքան արագ, որքան դա հնարավոր է, Կոնվենցիայով սահմանված 10 օրվա ընթացքում»: