«Մենք արդեն կապ ենք հաստատում Շառլ Ազնավուրի և Սերժ Թանկյանի հետ». Նիկոլ Փաշինյան

Ֆրանսիայի հրապարակում լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին հիշեցրին իր հայտարարությունը, որ, եթե ժողովուրդը դուրս գա, ինքն իշխանափոխություն կիրականացնի, ապա հետաքրքրվեցին՝ արդյո՞ք ժողովուրդն իր քայլը չի արել, և հիմա հերթն իրենը չէ։

«Ես կարծում եմ, որ երեկվանից հետո ճիշտ չէ, որ մենք տարանջատում մտցնենք հարթակի և ժողովրդի միջև, որովհետև մենք միասնական ենք, և այո, ես համարում եմ, որ ժողովուրդն արել է իր քայլը, և այս քայլը չի կարող քաղաքական կոնկրետ արդյունքներ չբերել։ Բայց մյուս կողմից՝ ուզում եմ ընդգծել, որ այս քաղաքական պրոցեսի արդյունքում միայն մեկ հաղթող կարող է լինել՝ ՀՀ քաղաքացին։

Երեկ ԱԺ-ն Սերժ Սարգսյանին հայտարարել է վարչապետ, բայց երեկվա թիվ 1 իրադարձությունն այն էր, ինչ տեղի ունեցավ Հանրապետության հրապարակում»,- ի պատասխան՝ ասաց Փաշինյանը։

Կառավարության վաղվա նիստը կաթվածահար անելու վերաբերյալ հարցին նա պատասխանեց, որ ըստ անհրաժեշտության՝ քայլեր կձեռնարկեն։

Փաշինյանը չնշեց, թե որն է իրենց գործողությունների վերջնաժամկետը. «Հիմա պետք է հնարավորինս ամեն ինչ անել, որ Սփյուռքի հայտնիները գան Հայաստան, և նրանց ներկայությունը նաև պետք է դառնա այն երաշխիքը, որ այս հեղափոխության ընթացքում մի կաթիլ արյուն չթափվի։

Նկատի ունեմ Սերժ Թանկյանին, Շառլ Ազնավուրին, Ատոմ Էգոյանին և Սփյուռքի մյուս երևելիներին։ Մենք արդեն կապ ենք հաստատում Շառլ Ազնավուրի և Սերժ Թանկյանի հետ, հուսով եմ, որ հնարավորինս օպերատիվ իրենց պատասխանը կիմանանք»։

Նա նաև հայտարարեց, որ վերջին օրերին քաղաքական իրավիճակը Հայաստանում փոխվել է. «Հիմա մենք գործ ունենք ոչ թե տրիվիալ իշխանափոխության գործընթացի հետ, այլ ՀՀ քաղաքացու վերածննդի և զարթոնքի հետ, որը շատ ավելի կարևոր է։ Այս առումով պետք է լինենք վճռական, բայց նաև՝ շատ զգույշ, որպեսզի քաղաքացու զարթոնքին որևէ կերպ չվնասենք։ Մնացածը կարող է վերաբերել առանձին քաղաքական գործիչների ճակատագրին, որը տվյալ դեպքում առանձնապես էական չէ»։

Տեսանյութեր

Լրահոս