Բաժիններ՝

Ֆրանսիայի հրապարակից բերման ենթարկվեցին մի խումբ ցուցարարներ (լրացված)

Քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակից բերման ենթարկվեցին մի խումբ ցուցարարներ:

Այս պահին Ֆրանսիայի հրապարակում ոստիկանները վահաններով պատ են կազմել:

Բաղրամյան պողոտայից Ֆրանսիայի հրապարակ եկավ նաև Նիկոլ Փաշինյանը:

«Հարգելի ոստիկաններ, ի՞նչ եք ուզում։ Մենք «Հավաքների ազատության մասին» օրենքի համաձայն երթ ենք անում»,- դիմելով ոստիկաններին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Ոստիկաններից մեկը նշեց, որ երթի մասին պետք է իրազեկել Ոստիկանությանը։

Ն. Փաշինյանը պատասխանեց, որ ինքը երեք հոգու հետ է եկել Ֆրանսիայի հրապարակ, և ինքնաբուխ կերպով զանգվածային երթ է կազմակերպվել։

«Ձեր պարտականությունն է աջակցել երթի իրականացմանը»,- ասաց նա։

Ոստիկանն էլ մեջբերեց «Հավաքների ազատության մասին» օրենքի 7-րդ հոդվածը, ըստ որի՝ եթե անձը փաստացի կատարում է կազմակերպչի գործառույթները, հանդիսանում է կազմակերպիչ և կրում է հավաքի ղեկավարի պարտականությունները.

«Հավաքի ղեկավարի պարտականությունները սահմանված են նույն օրենքի 31-րդ հոդվածով, որտեղ հստակ նշված է, թե հավաքի ղեկավարն ինչ պարտականություն ունի։ Ինչ վերաբերում է շտապ և ինքնաբուխ հավաքներին, ապա դրանք սահմանված են նույն օրենքի 27-րդ հոդվածով, և եթե նույնիսկ շտապ հավաքն ունի հավաքի կազմակերպիչ, այդ դեպքում՝ դուք, ունեք պարտականություն ոստիկանությանն իրազեկել և՛ երթի, և՛ երթուղու, և՛ ժամանակացույցի մասին»։

Փաշինյանն ասաց, որ դրանք նախապես է հրապարել, ամեն անգամ ինքնաբուխ են որոշում, իսկ սրանից հետո երբ որոշեն՝ կհայտարարեն, հիմա պատրաստվում են գնալ Մաշտոցի պողոտայով՝ Շրջանային, հետո Աբովյան, Հերացի, Կորյուն փողոցներ քայլել։

Ոստիկանությունը ճանապարհը բացեց և ցուցարարները շարունակեցին իրենց երթը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս