«Կարծում եմ` Փաշինյանի արարքներում ինչ-որ խաղ կա, որը շատերին է անհանգստացնում». Վադիմ Դուբնով
«Փաշինյանին կարելի է շնորհավորել փոքրիկ տեխնոլոգիական հրաշք իրագործելու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ԱԺ-ում վարչապետի ընտրություններին և երևանյան փողոցներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած թավշյա հեղափոխության գործողություններին:
Նա նշեց, որ խորհրդարանում այսօր տեղի ունեցավ այն, ինչ որոշված էր վաղուց, և այն, ինչ շատերն արդեն հասկացել էին: Այսինքն, նրա համոզմամբ, անակնկալ չէր Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում:
Դուբնովը, սակայն, նշեց, որ չի կարող կանխատեսումներ անել ներքաղաքական զարգացումների ապագայի վերաբերյալ, քանի որ դա անշնորհակալ գործ է:
«Բայց ինձ թվում է` պարոն Փաշինյանին, ով այս օրերին քաղաքացիական գործողություններ է նախաձեռնել երևանյան փողոցներում, կարող ենք շնորհավորել արդեն այն բանի համար, որ նա համարձակվեց և կարողացավ այնքան իմաստուն գտնվել, որ իրագործեց փոքրիկ տեխնոլոգիական հրաշք Երևանում, ինչը շատ քչերին է հաջողվել: Նա, լինելով ոչ այնքան հզոր և ազդեցիկ քաղաքական ուժի առաջնորդ, նույնիսկ կարելի է այդ ուժը համարել տրագիկոմեդիկ, կարողացավ հասարակությունից դուրս հանել իշխանությունից առկա տոտալ դժգոհությունը՝ այսքան շատ մարդ դուրս բերելով փողոց:
Հայ հասարակության այդ դժգոհությունն այնքան սովորական երևույթ է, ինչպես դժգոհությունը վատ եղանակից: Բայց նրան պետք է շնորհավորել սրա համար, որ նա այդքան սովորական դարձած դժգոհությունը կարողացավ արթնացնել և նման մասսայական ալիք բարձրացնել: Այլ հարց է, որ այդ ռեսուրսը, իմ համոզմամբ, սպառված է»,- նշեց Դուբնովը:
Ռուս քաղաքագետի կարծիքով, 2-3 օրից ամեն բան կավարտվի երևանյան փողոցներում: Նրա խոսքով, այսօր շատ գեղեցիկ հանրահավաք տեղի կունենա, շատ գեղեցիկ կխոսի պարոն Փաշինյանը:
«Միակ բանը, որը նա այս հանրահավաքի ժամանակ չի ասի, և կարծում եմ` չի պատասխանի միակ հարցին, թե ինչու այս գեղեցկությունը տեղի չունեցավ խորհրդարանական ընտրություններից հետո, ինչը կլիներ տրամաբանական, կհամապատասխաներ Մայդանի և, ընդհանուր առմամբ, քաղաքական տրամաբանությանը, այդ ժամանակ կարելի էր ինչ-որ լուրջ գործընթացի մասին խոսել: Տհաճ է ասելը, բայց ֆորմալ տեսանկյունից՝ պարոն վարչապետն ամեն ինչ անկեղծ է անում:
Վարչապետին ընտրեց այն խորհրդարանը, որի ներկայացուցիչ է Փաշինյանը, ընտրությունների արդյունքում խորհրդարանում է հայտնվել Նիկոլ Փաշինյանը և գոհ է եղել այդ ընտրությունների արդյունքներից: Խորհրդարանում ոչ մի սխալ բան տեղի չի ունեցել: Եթե խորհրդարանական ընտրություններից հետո նա ասեր նման բաներ, դա շատ ավելի հասկանալի ու ընկալելի կլիներ, թեև դեռ այն ժամանակ էր ակնհայտ, որ այդ խորհրդարանը կանի այն, ինչ այսօր արեց:
Ուստի կարծում եմ, որ Փաշինյանի արարքներում ինչ-որ խաղ կա, որը շատերին է անհանգստացնում. Դա՝ առաջինը, և երկրորդ` ոչ մի լուրջ քաղաքական գործիչ չմիացավ Փաշինյանին, իսկ պատկերացնել Փաշինյանին մի գլոբալ գործընթացի լիդեր, ինչպիսին վրացականն է, ուկրաինական Մայդանը, իմ երևակայությունը թույլ չի տալիս»,- նշեց Դուբնովը:
Անդրադառնալով շրջանառվող կարծիքներին, թե Փաշինյանի գործողությունները գուցե համաձայնեցված լինեն իշխանությունների հետ` ռուս քաղաքագետն ասաց, որ դժվար է նման պնդում անել: Թեև, նրա համոզմամբ, ոչինչ բացառել չի կարելի: «Այնուամենայնիվ չեմ կարծում, որ նրա բոլոր ելույթները Սերժ Սարգսյանին հաճույք են պատճառում»,- նկատեց Դուբնովը:
Իսկ հարցին, թե ի՞նչ կլինի այն դժգոհությունների հետ, որոնք ունի հասարակությունն իշխանություններից, Դուբնովը պատասխանեց, որ այդ դժգոհությունները կպահպանվեն հաջորդ երևանյան Մայդանի, հաջորդ «2008»-ի, «2013»-ի, հաջորդ «Րաֆֆի Հովհաննիսյանի» համար:
«Չեմ կարող ասել, թե հաջորդ ամառ ով մարդկանց փողոց դուրս կբերի, կամ ոչ հաջորդ, այլ հենց այս ամառ, քանի որ բացվել են փողոցային պայքարի համար հարմար եղանակները, իսկ ես չեմ հիշում գոնե մեկ ամառ, որ Հայաստանում փողոցային գործողություններ չլինեն»,- ասաց Դուբնովը: