«Ջեյշ ալ Իսլամի» հազարից ավելի զինյալներ դուրս կբերվեն Դումեյրի շրջանից. SANA
Սիրիական բանակը «Ջեյշ ալ Իսլամ» ծայրահեղական խմբավորման հետ համաձայնության է հասել Դամասկոսից 50 կիլոմետր հյուսիս ընկած Դումեյրի շրջանից նրա կազմավորումների դուրսբերման շուրջ: Ինչպես հայտնել է SANA գործակալությունը, պայմանավորվածության իրականացումն սկսվել է ապրիլի 17-ին զինյալների կողմից ծանր ու միջին սպառազինությունների հանձնմամբ։
Ընդամենը կապիտուլյացիայի պայմաններն ընդունել ու Դումեյրը լքելուն համաձայնել են «Ջեյշ ալ Իսլամի» հազարից ավելի անդամներ, որոնք կուղեւորվեն Սիրիայի հյուսիսում գտնվող Ջարաբլուս: Շուրջ 60 զինյալներ հայտարարել են կառավարության դեմ զինված գործունեությունը դադարեցնելու մասին եւ որոշել են օգտվել համաներումից: Դումեյրը գտնվում Է Արեւելյան Կալյամուն տարածաշրջանից հարավ ընկած շրջանում, որտեղ դեռեւս պահպանվում են զինված խմբավորումների ամրակետերը:
Ապրիլի 13-ին ավարտվել է Արեւելյան Ղութայի Դումա քաղաքից «Ջեյշ ալ Իսլամի» կազմավորումների անդամների ու նրանց հարազատների տարհանման գործողությունը: ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Դամասկոսից 12 կիլոմետր հեռավորության վրա գտնվող այդ բնակավայրից դուրս է եկել ավելի քան 41 հազար մարդ, իսկ ընդամենը Արեւելյան Ղութայի տարածաշրջանից՝ ավելի քան 165 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: