ՔԶԱԿ-ի առաքելությունն աշխատանքի է ձեռնամուխ լինում Արևելյան Ղութայի Դումա քաղաքում
Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) առաքելությունը, որը ժամանել է Դամասկոս, ապրիլի 16-ին կմեկնի Դումա՝ հետաքննելու ենթադրյալ քիմիական գրոհը քաղաքում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, Al Watan թերթին հայտնել է Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Այման աս Սոուսանը: Նրա խոսքով՝ «սիրիական պետությունը աջակցություն կցուցաբերի միջազգային փորձագետներին»:
«Մենք հուսով ենք, որ Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստերի հայտնաբերման առաքելության աշխատակիցները աշխատանքը կկատարեն պրոֆեսիոնալ կերպով ու օբյեկտիվորեն եւ կլինեն չեզոք՝ չենթարկվելով իրենց վրա գործադրվող ճնշումներին»,-հայտարարել է դիվանագետը:
Աս Սոուսանի խոսքով՝ Դամասկոսում ակնկալում են, որ փորձագետների առաջիկա զեկույցը «կմերկացնի այն ստահոդ պնդումները, որոնք հերքում էին Սիրիան ու նրա դաշնակիցները՝ Ռուսաստանը եւ Իրանը»: Ինչպես նշում է Al Watan-ը, Առաքելության անդամները Դամասկոս են ժամանել ապրիլի 14-ին: Նրանք ապրիլի 15-ին Սիրիայի կառավարության եւ ուժային կառույցների ներկայացուցիչների հետ քննարկել են առաջիկա աշխատանքի ծրագիրը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, փորձագետները պլանավորում են աշխատանքն ավարտել ապրիլի 18-ին եւ Դամասկոսից իրենց մեկնումից առաջ նախնական զեկույցը կներկայացնեն ՄԱԿ-ին: