Բաժիններ՝

Ընտանիք, զույգերի համատեղելիություն, սոցիալական դերեր

Մաքսիմ Գորկին ընտանեկան փոխհարաբերությունները սահմանել է հետևյալ կերպ. «Ընտանիքում փոխհարաբերությունները կառուցվում են միասնական ցանկության հիման վրա, այն է՝ սովորել հասկանալ միմյանց: Եթե ձեզ մոտ բավականացնի համբերությունը, և դուք կարողանաք քննարկել առաջացած խնդիրները, ապա ձեր ընտանիքն այդ փաստից միայն կշահի»:

Ներկա ժամանակաշրջանում բազմաթիվ ընտանիքներ քայքայվում են, քանի որ չկա այն արժեհամակարգային հիմքը, որը պատկերացում է տալիս ընտանեկան կառույցի և փոխհարաբերությունների մոդելի և գործառույթների մասին։ Որքան հնարավոր է կարճ և բովանդակալից կներկայացնենք հիմնային այն գաղափարները, որոնք բնութագրում են ընտանիքը, զույգերի համատեղելիության էությունը և սոցիալական դերերի կարևորությունն ու ընդունումը։

Ընտանիքն ամենահին սոցիալական ինստիտուտն է, այն առաջացել է ավելի վաղ, քան կայսրությունները, հանրապետությունները, բանակը, կրթությունը, շուկան: Ընտանիքի էության և բնույթի մասին անցյալի մտածողները մոտեցել են տարբեր տեսանկյուններից: Առաջին փորձը, որ վերաբերում էր ամուսնաընտանեկան հարաբերությունների բնութագրմանը, պատկանում է հին հունական փիլիսոփա Պլատոնին: Ընտանեկան կառույցը նա համարում էր անփոփոխ, հասարակական հաստատուն կառույց:

Դրան են անդրադարձել նաև Արիստոտելը, գերմանացի փիլիսոփաներ Կանտը, Հեգելը: Ժամանակակից սովետական սոցիոլոգներն ամուսնությունը բնորոշում էին՝ որպես տղամարդու և կնոջ միջև փոխհարաբերությունների պատմականորեն փոփոխվող սոցիալական կառույց, որի արդյունքում հասարակությունը  կանոնակարգում և բաշխում է զույգերի սեռական և ծնողական հարաբերությունների պարտավորությունները և օրենքները:

Մարդկանց դրդող պատճառներն ու մոտիվները՝ միմյանց հետ հարաբերվելու, հարաբերություններ հաստատելու, օրինական հարաբերությունների մեջ մտնելու, պատճառաբանվում են մարդկային պահանջմունքների առկայությամբ:

Ընտանիքի դասական բնութագրումն այն է, որ ընտանիքը փոքր սոցիալական խումբ է, որի անդամները միմյանց հետ կապված են ամուսնական կապով, ծնողական և բարեկամական հարաբերություններով, կենցաղով, ընդհանուր բյուջեով և փոխադարձ բարոյական պատասխանատվությամբ:

Ընտանեկան կյանքն ուղեկցվում է նյութական և հոգևոր գործընթացներով, ընտանիքում կատարվում է սերնդափոխություն, որում մարդը ծնվում է, որի միջոցով շարունակվում է սերունդը: Ընտանիքը, նրա կառուցվածքը և ֆունկցիաներն ուղղակիորեն կախված են ամբողջապես հասարակական հարաբերություններից, ինչպես նաև հասարակության մշակութային էթիկայից: Բնականաբար, որքան բարձր է հասարակության էթիկան, այնքան բարձր է ընտանիքի էթիկան:

Պաուստովսկին համատեղելիությունը բնորոշել է հետևյալ տողերով. «Սերն ունի հազարավոր դրսևորումներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր լույսը, իր տխրությունը, իր երջանկությունն ու օրհնանքը»:

Ընտանիքում մեծ դեր է տրվում ամուսնական համատեղելիությանը, որը մի քանի տեսակի է լինում.

  • Սոցիալական համատեղելիություն. սա աշխարհայացքների ընդհանրությունն է, կարևոր արժեքների համընկնումը՝ «իդեալներ, համոզմունքներ, հետաքրքրություններ, պահանջմունքներ»:
  • Հոգեբանական համատեղելիություն. ենթադրում է բնավորության, հատկանիշների, ամուսինների անձնակամային առանձնահատկությունների փոխհարաբերություն:
  • Սեռական համատեղելիություն. ներդաշնակություն, մեկի սեռական պահանջմունքների համապատասխանումը մյուսի սեռական պահանջմունքի հետ:
  • Ընտանիքի կեցության համապատասխանում. կարևորում է ընտանիքի ոճի, ընդհանուր զարգացման նպատակի համապատասխանեցումն ընտանեկան սոցիալական դերերին:

Ընտանեկան սոցիալական դերեր

«Ոչինչ այնքան ցանկալի չէ, որքան դիմացինին փոխելու մեր անհագ ցանկությունը»,- ասել է Մարկ Տվենը:

Յուրաքանչյուր մարդ իր ողջ կյանքի ընթացքում սովորում է ի կատար ածել տարբեր դերեր՝ երեխայի, աշակերտի, ուսանողի, հոր կամ մոր, ինժեների, բժշկի, սոցիալական տարբեր շերտերի ներկայացուցիչների դերեր և այլն: Դերային ընկալումն անհրաժեշտ է, որպեսզի կարողանան իրականացնել հետևյալ դերերը.

  • Կատարել պարտականությունները և իրականացնել ներկայիս դերին համապատասխան իրավունքները,
  • Տվյալ դերին համապատասխան զգացումների և ապրումների, կառույցների ձեռքբերում:

Անհրաժեշտ է նշել նաև, որ ամուսնական բավարարվածությունը բխում է ոչ այնքան ամուսինների իրական վարքից, որքան մի ամուսնու վարքային գնահատականից դեպի մյուսը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս