Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը շարունակում է լինել ՔՊ կուսակցության հանրահավաքը, «Ելք»–ը տեսակետը չի փոխել. Մ. Թանդիլյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանի խոսքով՝ այս պահին Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքը, որևէ բան իրենց և դաշինքի կողմից արված հայտարարություններում չի փոխվել: Tert.am-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասել է «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում:
«Մեր չմիանալու պատճառը մենք բացատրել ենք: Եվ ես կարծում եմ, որ լուրջ քննադատության ենք արժանացել այդ պատճառով: Այս պահին չեմ ցանկանում որևէ մեկնաբանություն տալ»,- ասել է նա:
Հարցին, թե ինքն անօրինական համարո՞ւմ է շենքերը պաշարելը, ինչպես ցանկանում է անել Նիկոլ Փաշինյանը, Մանե Թանդիլյանը նշեց, որ օրենքի շրջանակներում ցանկացած քայլ չպետք է առերեսվի ընդդիմության: «Գտնում եմ, որ իմ գործընկերները կվարվեն օրենքի սահմաններում»,- ասել է նա:
Մեկ այլ հարցի, թե արդյոք վարչապետի թեկնածու առաջադրելու հարցը քննարկելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, ԱԺ պատգամավորը պատասխանել է․«Վարչապետի թեկնածու առաջադրելը մեր մասնակցային և հակակշիռ ստեղծելու այս առաքելությունն իրականացնելու վարքագծից է ելնում: Դա մեր դաշինքն է քննարկել, բայց երբ «Քաղաքացիական պայմանագիրը» որոշեց այլ ճանապարհային քարտեզով շարժվել, այդ քննարկումն արդեն արդիական չմնաց»:
Նրա խոսքով՝ այս պահին վարչապետի թեկնածու առաջադրելու մասին քննարկում չկա նաև Նիկոլ Փաշինյանի և Էդմոն Մարուքյանի միջև:
Լրագրողի դիտարկմանը, թե փողոց դուրս չեն գալիս, թեկնածու չեն առաջադրում, «Ելքի» տեսակետը, որ թույլ չտալ Սերժ Սարգսյանին վարչապետ դառնա, ինչպե՞ս է իրականացվելու, Մանե Թանդիլյանը պատասխանեց․ «Մեր առաջարկը, թե ինչպես վարվել, բխել է հենց վարչապետի թեկնածու առաջարկելով, փողոցային կոմպոնենտով: Այսինքն՝ «Լուսավոր Հայաստանը» «Ելք» դաշինքի շրջանակներում առաջարկել էր որոշակի քայլեր, որոնք բացառապես կոնսեսնսուսային տարբերակ էին նախատեսում դա իրականացնելու համար: Բայց, քանի որ դա իրողություն չի դարձել, և կոնսենսուսային լուծում չի գտնվել, մեր գործընկերը իր սեպարատ քայլով է որոշել գործողություն իրականացնել, մենք«Ելքից» դուրս գործողություն չենք ընդունում»:
Իրենց պայքարը, ըստ ԱԺ պատգամավորի, լինելու է օրենսդրական դաշտում փոփոխություններ իրականացնելով:
Հարցին, թե արդյոք դաշինքում նորից համախմբվածությունը հնարավո՞ր է համարում, նա պատասխանեց՝ ընդհանրապես անհնար ոչինչ չկա: