Կառավարությունում քննարկվել են արևային էներգետիկայի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները
Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են արևային էներգետիկայի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:
Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը զեկուցել է, որ արևային կայանների կառուցման ծրագրի շրջանակում ձևավորվել է արևային էներգետիկայի զարգացման նոր քարտեզ, որի շրջանակում մշակվել է տարբեր վայրերում տարբեր հզորություննեով կայանների կառուցման վեց տեխնիկատնտեսական հիմնավորում, որոնցից մեկը եղել է Մասրիկ-1 ծրագիրը:
Փոխնախարարը ներկայացնելով Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ներդրողների մրցույթի արդյունքները՝ նշել է, որ մրցույթը հայտարարվել է 2017 թվականի ապրիլին, փաթեթը ձեռք է բերել 7 տասնյակ ընկերություն, 20-ը դիմել է նախաորակավորման: Այս փուլն անցել է 10 ընկերություն, իսկ հինգը տվել է ծրագրի իրականացման առաջարկություն: Ըստ մրցույթի կանոնների՝ այն ընկերությունը կամ կոնսորցիումը, ով կառաջարկեր ամենացածր սակագինը, իրավունք կստանար իրականացնել Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրը:
Մրցույթի արդյունքներով ամենացածր սակագինը ներկայացրել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումը: Առաջարկված սակագինն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ առանց ԱԱՀ-ի (20.11 դրամ): Հայկ Հարությունյանը նշել է, որ այժմ նիդեռլանդական ընկերության հետ ընթանում են բանակցություններ, և առաջիկա շաբաթվա ընթացքում վերջինիս ղեկավարները ժամանելու են Հայաստան: Նախատեսվում է, որ Մասրիկ-1 արևային կայանի կառուցման պայմանագիրը պետք է ստորագրվի մինչ հունիսի մեկը, իսկ կառավարության հաջորդ նիստում ներկայացվելու է ծրագրի մրցույթի հաղթողի վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը:
Խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել արևային նոր կայանների կառուցման ծրագրերի իրականացմանը, քամու և հողմային էներգետիկայի զարգացմանն ուղղված քայլերին, կուտակիչ հզորություններ կառուցելու հնարավորություններին:
Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ մեր երկրում առկա են այլընտրանքային էներգետիկայի ոլորտում պետություն-մասնավոր համագործակցության մեծ ներուժ ու դրա իրացման լայն հնարավորություններ: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ անհրաժեշտ է ակտիվ քայլեր իրականացնել այլընտրանքային էներգետիկայի զարգացման նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ, ինչը կնպաստի անվտանգ ու անկախ էներգետիկ համակարգի ամրապնդմանը: