
Թուրքիան Ռուսաստանից անայցագիր ռեժիմի վերադարձ է ակնկալում

Անկարան Մոսկվայից թուրք քաղաքացիների համար անայցագիր ռեժիմի վերադարձ է ակնկալում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, ապրիլի 12-ին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյ։ Ռուսաստանը Թուրքիայի քաղաքացիների համար այցագրային ռեժիմ է սահմանել 2015 թվականի նոյեմբերին երկու երկրների հարաբերությունների սառեցման ֆոնին, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայի երկնքում խոցեցին ռուսական Սու-24 ռմբակոծիչը:
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները զարգանում են սրընթաց, մենք անցկացրել ենք Համագործակցության բարձր մակարդակի խորհրդի արդեն յոթ նիստ: Լուրջ նշանակություն ուներ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Անկարա (ապրիլի 3 – 4-ը): Մեկ տարում մենք հասել ենք ապրանքաշրջանառության էական աճի՝ 32 տոկոսով: Անցյալ տարի Թուրքիան շուրջ 5 միլիոն զբոսաշրջիկներ է ընդունել ՌԴ-ից: Այս տարի մենք սպասում ենք 6 միլիոն: Մենք ակնկալում ենք անայցագիր ռեժիմի վերադարձ, ինչի մասին հայտարարել ենք ռուսական կողմին»,- ասել է Աքսոյը Անկարայում կայացած ճեպազրույցում: