Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհուրդը չի ճանաչում նախագահական ընտրությունների արդյունքները
Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը, որը բոյկոտել էր նախագահական ընտրությունները, չի ճանաչում դրանց արդյունքները: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ազգային խորհուրդը հայտարարել է, որ ապրիլի 11-ին կայացած նախագահական արտահերթ ընտրությունները խախտել են Ադրբեջանի միջազգային պարտավորությունները և հակասել երկրի սահմանադրությանը:
Ընդդիմադիր ուժի փոխանցմամբ` ընտրությունները չեն արտացոլում ժողովրդի կամքը և լեգիտիմ չեն:
Ընդդիմադիրները նշել են, որ իրականում ընտրություններին մասնակցել է ընտրողների 15-16 տոկոսը և որ քվեների մյուս մասը կեղծիքների արդյունք է:
«Ընտրության ընթացքում իրականացվել են նախորդ ընտրությունների կեղծիքները, կազմակերպվել են «կարուսելներ», մեկ անձը քվեարկել է մի քանի անգամ: Տեղի են ունեցել լցոնումներ»,-նշվում է Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի հայտարարության մեջ:
Ազգային խորհրդի ներկայացուցիչները նշել են, որ շարունակելու են Ադրբեջանում արդար ընտրությունների համար մղվող պայքարը: