Բաժիններ՝

Շիրակի մարզպետարանի աշխատակիցները շվեդական պատվիրակության հետ այցելել են Արփի լճի տարածք

Ապրիլի 11-ին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն հանդիպել է Շվեդիայի Օստերյոտլանդ նահանգի պատվիրակությանը` Երևանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոնի գլխավորությամբ:

Ըստ Շիրակի մարզպետարանի՝ հանդիպման օրակարգային թեմաներից են եղել կենցաղային թափոնների և սպառված հանքերի կառավարմանը, կեղտաջրերի մաքրմանն առնչվող հիմնախնդիրները, ինչպես նաև Շիրակի մարզում էկոլոգիական տուրիզմի զարգացումը:

«Ուրախ եմ ողջունելու ձեզ Շիրակի մարզում, պատրաստ ենք համագործակցության ցանկացած բնագավառում, ուրախ կլինենք Շիրակի մարզի և Շվեդիայի Օստերյոտլանդ նահանգի միջև ապակենտրոնացված համագործակցություն հաստատելու: Մենք արդեն հասցրել ենք Շվեդիայի դեսպանատանը մի քանի առաջարկություններ ներկայացնել, որոնք առնչվում են էկոլոգիական հիմնահարցերին: Շվեդիան այս բնագավառում աշխարհի առաջատար երկրներից է համարվում, մենք պատրաստ ենք սովորել, հետևել օրինակին, սիրահոժար ընդունել ցանկացած աջակցություն և խորհրդատվություն»,- հանդիպման ընթացքում նշել է Շիրակի մարզպետը:

Դեսպանության գործերի հավատարմատար Մարտին Ֆրեդրիկսոը կարևորել է մարզերի հետ ապակենտրոնացված շփումները և նշել, որ Շիրակի մարզը մեծ պոտենցիալ ունի. «Կարծում եմ՝ այսօրվա հանդիպումից ու մարզում շրջագայություն կատարելուց հետո պարզ կլինեն համագործակցության ուղղությունները»: 

Հանդիպման ավարտին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու Օստերյոտլանդի նահանգապետարանի միջազգային հարցերով համակարգող Լինդա Սթրյոմը հուշանվերներ են փոխանակել:

Օստերյոտլանդի նահանգապետարանի աշխատակիցները Շիրակի մարզպետարանի պատասխանատուների հետ այցելել են Արփի լճի տարածք, ծանոթացել բնությանն ու շրջակայքի հնարավորություններին, շրջել մարզի խոշոր աղբավայրերում:

Նշենք որ հանդիպման ընթացքում քննարկվող կարևոր հարցերից է եղել Շիրակի մարզում մինչ օրս կեղտաջրերի մաքրման կայանի բացակայությունը: Բնապահպանները սա մեծ հիմնախնդիր են համարում, նշելով, որ մարզերում կոյուղաջրերը թափվում են գետերն ու ջրամբարները, հետո էլ այն որպես խմելու և ոռոգման ջուր ծառայում է բնակիչների համար, ինչն անթույլատրելի է:

Լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս