Վաշինգտոնը կարձագանքի Դոումայի քիմիական հարձակմանը
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին հայտարարել է, որ անկախ Անվտանգության խորհրդի գործողություններից Վաշինգտոնը միջոցներ կձեռնարկի ի պատասխան Դոումայի քիմիական հարձակմանը: Այս պահին նախագահը շարունակում է խորհրդակցել ամերիկյան ռազմական վերնախավի հետ այս հարցի շուրջ:
ԱՄՆ-ի պետքարտուղարությունն «Ամեիկայի Ձայն»-ի հետ զրույցում ընդգծում է, որ Դոումայի հարձակման արդյունքում զոհվել է մոտ 85 մարդ: Կան հազարավոր վիրավորներ, ներառյալ երեխաներ և կանայք: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստին ԱՄՆ-ի դեսպան Նիքի Հեյլին նշել է, որ իրենք ունեն այդ ողբերգության մասին ֆոտոնկարներ, սակայն նա հրաժարվել է ցուցադրել դրանք, քանի որ դրանցից ոմանք պատկերում են սպանված երեխաներին:
«Մենք հասել ենք այն եզրին, երբ աշխարհը պետք է ականատես լինի արդարության վերականգմանը: Պատմությունը կգրանցի այս պահը, երբ Անվտանգության խորհուրդը կամ կիրականացնի իր պարտականությունները կամ կցուցադրի իր անկարողությունը Սիրիայի ժողովրդի պաշտպանության հարցում: Ամեն դեպքում ԱՄՆ-ը կտա արժանի պատասխան»,- նշել է դեսպան Հեյլին:
ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզիան, սակայն, նշում է, որ ռուսաստանցի փորձագետները տեղում չեն հայտնաբերել քիմիական զենքի կիրառման հետքեր:
Երկուշաբթի օրը նախագահ Թրամփը խստորեն քննադատել է Սիրիայի ժողովրդի դեմ քիմիական զենքի գործադրումը և ընդգծել, որ այն կիրառողները կստանան արժանի պատիժ:
«Լինի դա Ռուսաստանը, Սիրիան, Իրանը կամ նրանք բոլորը միասին, մենք կպարզենք և շատ շուտով կստանանք հարցերի բոլոր պատասխանները»,- ասել է նախագահ Թրամփը:
Այս հարցի շուրջ նախագահը խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնի հետ: Երկու կողմերը պայմանավորվել են սերտորեն համագործակցել այս հարցի շուրջ և պատասխանատվության ենթարկել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
Իսկ ի պատասխան լրագրողների հարցերին կապված նախագահ Թրամփի արած հայտարարությանը, որ ամերիկյան զորքերը շուտով կլքեն Սիրիան, նախագահի մամլո խոսնակ Սառա Սանդերսն ընդգծել է, որ այս որոշումն ուժի մեջ է, սակայն անհրաժեշտ է վստահ լինել, որ Ասադի վարչակարգը զերծ կմնա անմեղ մարդկանց դեմ Սիրիայում քիմիական զենք օգտագործելուց: