Սերժ Սարգսյանն ունի բոլորի համաձայնությունը
Ապրիլի 9-ին Հայաստանի Հանրապետությունն անցում կատարեց լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում երդման հանդիսավոր արարողությամբ նախագահի լիազորությունները ստանձնեց Ազգային ժողովի կողմից նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը, քանի որ ավարտվեց Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը:
Նախագահի երդմնակալությունից հետո հրաժարական տվեց վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած Կառավարությունը, որը վայր չի դնի իր լիազորությունները, քանի դեռ նոր Կառավարություն չի ձևավորվել: Ապրիլի 9-16-ը ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման ժամկետն է, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանը բաց անվանական քվեարկությամբ կընտրի ՀՀ վարչապետին:
Արդեն պարզ է, որ իշխող Հանրապետական կուսակցությունը կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնի համար, ով, անկասկած, կստանա ԱԺ ձայների 50%-ից ավելին: Հայաստանի Հանրապետական կուսակցության ընկալմամբ՝ Սերժ Սարգսյանը միակ գործիչն է, ով կարող է ստանձնել վարչապետի պաշտոնի պատասխանատվությունը՝ լավագույնս դիմագրավելով Հայաստանի Հանրապետության թե՛ ներքին, և թե՛ արտաքին մարտահրավերներին:
Իսկ մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչների, ուժերի և քաղաքացիական նախաձեռնությունների կարծիքով` երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելով երրորդ անգամ՝ ՀՀ նախագահը կվերածվի բռնապետի, ինչը, ըստ այդ ուժերի, անթույլատրելի է և պետք է կանխվի հանրահավաքների և ժողովրդական դիմադրության, անհնազանդության միջոցով:
Այդ ճանապարհով են որոշել գնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ «Իմ քայլը» նախաձեռնությամբ ու 14+4 ծրագրով, և «Հանուն Հայաստանի Հանրապետության» քաղաքացիական ճակատը, «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը:
Մեկ այլ պնդման համաձայն՝ երկրում իշխանության այս ծրագրերի դեմ պայքար պետք է ծավալվեր շատ ավելի վաղ, մինչև անգամ սահմանադրական փոփոխություններից առաջ, դիտարկելով Սարգսյանի վարչապետության հեռանկարը, ուստի, այդ պնդումների համաձայն՝ ներկայումս հասարակությանը կրկին փողոց դուրս բերելուն ուղղված քայլերն արկածախնդրություն են, ոչ անկեղծ և որևէ արդյունքի չեն հանգեցնելու: Հայաստանի ներքաղաքական զարգացումներին հետևում են նաև աշխարհաքաղաքական կենտրոնները, և, ըստ ամենայնի, Հայաստանում կատարվող փոփոխությունները և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի շահերից են բխում:
«168 Ժամի» աղբյուրների համաձայն՝ Եվրամիությունն առանձնապես դեմ չէ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Սարգսյանի` վարչապետի պաշտոնում ընտրվելու հեռանկարին, քանի որ, ըստ Եվրամիության, խնդիրը ոչ թե անձերն են, այլ քաղաքականությունները:
«Կարող են փոխվել անձեր, բայց չփոխվի քաղաքականություն, և՝ հակառակը»,- նշեց մեր աղբյուրը: ՀՀ արտաքին քաղաքականությունը կարծես գոհացուցիչ է նաև ՌԴ-ի համար:
Կիրակի օրը ՌԴ ԱԳՆ-ն տեղադրել է ԶԼՄ-ների հարցուպատասխանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: «10 տարիների ընթացքում հարաբերությունները զարգացել են, անկասկած, մեր երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի միջև վստահելի ուղիղ կապերի ազդեցությամբ: Նրանք տարեկան մի քանի անգամ բարձր մակարդակով հանդիպում են»,- նշել է Լավրովը:
Նա նաև ասել է, որ Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ անիմաստ չէ բոլոր ուղղություններով հարաբերությունները զարգացնելը:
Նրա խոսքով՝ հետխորհրդային երկրներին չի կարելի Արևմուտք կամ Ռուսաստան կեղծ ընտրության առաջ դնել, քանի որ դա քաղաքականացված մոտեցում է: Այս հարցուպատասխանի տեղադրումը ՌԴ ԱԳՆ կայքում Հայաստանում կառավարման խորհրդարանական կարգին անցնելու նախօրեին մի շարք փորձագետների կողմից դիտարկվել է՝ որպես աջակցություն Սերժ Սարգսյանի ծրագրերին:
«168 Ժամի» թղթակցի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Վադիմ Դուբնովն ասաց, որ Սարգսյանի վարչապետության հարցն առանձնահատուկ կերպով, ամենայն հավանականությամբ, քննարկված չէ գերտերությունների հետ:
Ըստ նրա՝ Սարգսյանի այս ծրագրերը նոր չեն, դրանք վաղուց հայտնի էին հայաստանյան հասարակությանը և ՀՀ իշխանությունների օտարերկրյա գործընկերներին: Ուստի, նրա հավաստիացմամբ, այդ ծրագրերն ընդունելի են, քանի որ Սարգսյանի անձն ընդունելի է կարծես բոլորի համար, քանի որ նրա վարած արտաքին քաղաքականությունն է ընդունելի: Դուբնովի կարծիքով՝ Սարգսյանը բարեհաջող կերպով կստանձնի վարչապետությունն առաջադրվելու դեպքում, թեև ընդդիմադիր որոշ ուժեր փորձելու են դիմադրել: «Խոշոր ցնցումներ Հայաստանում չեմ ակնկալում, քանի որ կարծում եմ, որ Սարգսյանի որոշումները համաձայնեցված են թե՛ դրսում, թե՛ ներսում, ուստի Սարգսյանի համար անակնկալներ չեն կարող լինել:
Ընդդիմադիր ուժերը Հայաստանում շատ ավելի լուրջ ներուժ են ունեցել նախկինում, բայց որևէ արդյունքի չեն հասել, ներկայումս արդյունքի մասին խոսելը շատ արհեստական է, քանի որ կատարվող ամեն ինչը համակարգային բնույթ է կրում: Բոլոր հարցերը, թե՛ իշխանության ներսում, թե դրանից դուրս ընդդիմադիր շարքերում, կարծես թե՛ լուծված են, մնում է սպասել առաջադրմանը և ընտրություններին»,- նման տեսակետ հայտնեց Վադիմ Դուբնովը:
Հարցին, թե այդ ուժերի կոնսոլիդացիայի դեպքում և՞ս դատապարտված են անհաջողության, Դուբնովը դրական պատասխանեց: «Ինչպես ասացի, չեմ կարծում, որ սրանք շատ կտրված գործողություններ են, կարծում եմ` ռադիկալ քայլեր չեն լինի»,- ասաց նա:
Եվրոպացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախն այն կարծիքին է, որ երկրի ղեկավարումը նույն անձի կողմից մի քանի ժամկետ շարունակ՝ անցանկալի երևույթ է: Դա, նրա գնահատմամբ, ԵՄ-ն ընդհանուր առմամբ չի ընդունում:
Բայց, Հալբախի խոսքով, կան երկրներ, որոնց դեպքում նույն անձի կառավարումն անհրաժեշտություն է, ինչը պայմանավորված է հասարակական տրամադրություններով, տվյալ երկրի համակարգի բնույթով, արտաքին քաղաքականությամբ և խնդիրներով:
«Հասկանալով, որ Սարգսյանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, ինչը չափազանց կարևոր է Եվրամիության և Ռուսաստանի համար, քանի որ տարածաշրջանում կա ծխացող Ղարաբաղյան հակամարտություն, գերտերություններն առանձնապես դեմ չեն նրա ծրագրերին: Սարգսյանն արդեն կանխատեսելի և, ինչ-որ առումով վստահելի գործընկեր է այս տերությունների համար, ուստի նրանք, ամենայն հավանականությամբ, համաձայն են: Բայց ամենակարևորը ՀՀ հասարակության կարծիքն է ու տրամադրությունները, թեև այս անգամ ՀՀ հասարակության անդամներն անձամբ չեն ընտրելու»,- ասաց Հալբախը:
Գերմանացի քաղաքական վերլուծաբանը գտնում է, որ համակարգը թույլ է տալիս վարել ինստիտուցիոնալ պայքար:
«Փողոցային պայքարն ու ռադիկալ քայլերն անընդունելի են և լի անկանխատեսելի հետևանքներով: Եթե կան պայքարի հարթակներ, պետք է պայքար վարել այդ հարթակներում ճիշտ ժամանակին: Եթե քաղաքական ուժերը կողմ են եղել սահմանադրական փոփոխություններին, և ներկայումս Սարգսյանն առաջադրվելու իրավունք ունի, կարող է առաջադրվել, դա չպետք է դառնա բողոքի առարկա, սահմանադրական փոփոխությունները կարող էին կանխվել, քանի որ երկրի համար կարևոր են ղեկավարները, քաղաքականությունները, և ոչ թե՝ այն համակարգը, որում այդ ամենը տեղի է ունենում»,- նման կարծիք հայտնեց Հալբախը:
Նրա կարծիքով՝ Հայաստանում ցնցումներ չեն լինի: «Չնայած դժգոհություններին, կարծում եմ, որ դրանք այն խորության չեն, որ լուրջ և լայնամասշտաբ բողոքի գործողությունների առիթ դառնան, այնուամենայնիվ հարցումների ցուցանիշները դա են ցույց տալիս»,- ասաց նա: