ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ԱԺ հանձնաժողովներում կատարյալ կոնսենսուսով դրական եզրակացություն ստացավ
ԱԺ Արտաքին հարաբերությունների և եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ակտիվ քննարկում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի շուրջ։
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը զեկուցեց, որ բանակցային փուլը 14 ամիս է տևել։ Նա հիշեցրեց, որ անցած տարվա նոյեմբերին Սերժ Սարգսյանը համաձայնագիրը բնութագրեց՝ որպես համընդգրկուն փաստաթուղթ, և ասաց, որ այսօր կարող ենք պնդել, որ ստացել ենք հավակնոտ փաստաթուղթ։ Թե ի՞նչ կտա այն, փոխնախարարը նշեց, որ այն հնարավորություն է տալիս ամրապնդել Երևանի և Բրյուսելի միջև երկխոսությունը և սոցիալ-տնտեսական առաջընթացի համար ամուր հիմք ստեղծել, կստեղծվի էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի և այլ ոլորտներում ակտիվ համագործակցություն։
Նրա խոսքով՝ համագործակցության նոր ժամանակաշրջան է նշանավորում ՀՀ-ԵՄ առևտրային հարաբերություններում, նոր հնարավորություններ բիզնեսի, ներդրումների, աշխատատեղերի ստեղծման համար.
«Այս համաձայնագիրը ՀՀ-ԵՄ հարաբերությունները կուղղորդի դեպի նոր՝ ավելի բարձր մակարդակ»։
Կ. Նազարյանը տեղեկացրեց, որ ԵՄ երկրների կողմից համաձայնագիրը վավերացնելու ուղղությամբ աշխատանքները տարվում են, Էստոնիան արդեն վավերացրել է, ըստ էության գործ ունենք ԵՄ 27 անդամ պետությունների հետ, սակայն չվավերացնելու կամ վերապահում ունենալու մասին ազդակներ չեն ստացվել. «Եթե դա ամբողջությամբ տեղի չունենա, ԱԺ վավերացումից հետո հայկական կողմը կծանուցի այդ մասին եվրոպական կողմին, որից հետո երկրորդ ամսվա առաջին օրը կարող ենք սկսել համաձայնագրի ժամանակավոր կիրարկումը։ Խոսքը գնում է համաձայնագրի առավել քան 80% կիրարկման մասին, որը պարտավորեցնող գործընթաց է լինելու։ Հունիսի 1-ին ըստ էության կարող ենք սկսել կիրարկումը՝ լծվելով նպատակուղղված փորձագիտական աշխատանքի»։
Փոխնախարարը նկատեց, որ եվրոպական գործընկերները վստահեցնում են, որ վավերացման գործընթացը բավականին արագ տեղի կունենա։
ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանի բնորոշմամբ՝ համաձայնագիրը շատ ընդգրկուն է և տարբերվող մյուսներից։ Նա կարևորեց թիրախային հանրայնացման գործողությունների խնդիրը և հետաքրքրվեց, թե արդյոք ԱԳՆ-ն իր առջև դնո՞ւմ է այդ հարցը։
Կ.Նազարյանը հաստատեց, որ իրենք կարևորում են հանրայնացման խնդիրը, որի համար կարևոր դեր է ունենալու ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի համակարգմամբ ստեղծված աշխատանքային խումբը։ Նա նշեց, որ քաղհասարակությունը ևս ունենալու է ուրույն դերակատարում, և համաձայնագրում կա դրույթ քաղհասարակության մասնակցության մասին։
Փոխնախարարն ընդգծեց, որ ԵՄ-ն իր մասնակցությունը կունենա այս համաձայնագրի դրույթների իրականացման հարցում, քննարկումներ եղել են տարբեր հանձնաժողովներում. «ՀՀ-ԵՄ հարաբերություններում գոյություն ունի «Միասնական աջակցության շրջանակ» անվանումը կրող փաստաթուղթը, որն էլ ուղղորդում է ամբողջ ֆինանսական հոսքը, այն առնչվում է տարբեր ոլորտների։ Խոսքը 176 մլն եվրոյի մասին է, որը կունենա տարեկան բաշխում»։
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն արձանագրեց, որ համաձայնագիրը ՀՀ արտաքին քաղաքականության հաջողված պատմություններից մեկն է. «Եվ Հայաստանն առաջին անգամ ցույց տվեց մեծ Եվրասիական ցամաքում, որ տարբեր ինտեգրացիոն գործընթացները համադրելի են, եթե կա նման քաղաքական կամք»։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն նույնպես ունի պարտավորություններ այս համաձայնագրով, և միայն մենք չէ, որ պարտավոր ենք անել։ Նա նաև արձանագրեց, որ ԱԺ-ի ամենապարզունակ դերը վավերացումն է, որից հետո ԱԺ-ն պետք է սահմանի խորհրդարանական վերահսկում. «Չկա որևէ հանձնաժողով, որ անելիք չունի այս համաձայնագրի հետ։ Պետք է աշխատենք, որ համաձայնագիրը ստանա միս ու արյուն»։
Ա.Աշոտյանի կարծիքով՝ արդեն այս տարի կարող ենք ստորագրել խորհրդարանական գործակցության մասին նոր փաստաթուղթ, այսինքն՝ հարաբերությունները չեն սահմանափակվելու միայն քաղաքական ֆորմատով, այլև կարող են ունենալ ոլորտային ֆորմատներ։ Նա իր հերթին՝ կարևորեց հանրային ուժերի ներառումը հանրայնացման գործում։ Համաձայնագրի գործի դրվելու պտուղները պետք է զգա յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի։
ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ չկա որևէ ոլորտ, որ համաձայնագրի տիրույթից դուրս է, կամ փոփոխություններ չի արվելու այս համաձայնագրով. «Հուսով եմ, որ առաջիկա ամիսներին մեր օրենսդրությունը կմոտարկենք ԵՄ օրենսդրությանը, որևէ ոլորտ դուրս չի մնալու։ Չի ուշանա նաև այն փուլը, որ կսկսվեն վիզաների ազատականացման բանակցությունները»։
«Սա այն եզակի դեպքերից է, որ խորհրդարանական բոլոր ուժերի մեջ կա կոնսենսուս։ Հույս ունեմ, որ բարեփոխումներում կհաջողենք, և դրանք չեն մնա թղթի վրա»,- հավելեց Ն.Զոհրաբյանը։
ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ընդգծեց, որ նման ամբիցիոզ պայմանագրի ստորագրումը ԵՄ-ի հետ խոսում է ՀՀ արտաքին քաղաքական կուրսի ակնհայտ հաջողության մասին։ Նա մերժեց պնդումը, որ համաձայնագրի ստորագրումն արդյունք է ԵՄ-ի կողմից ճնշման։ Ըստ նրա՝ համաձայնագրի իրականացումը բխում է ՀՀ քաղաքացիների շահերից. «ԵՄ-ի հետ համագործակցությունն առանցքային նշանակություն է ունենալու մեր երկրի հետագա ընթացքի տեսանկյունից՝ որպես քաղաքական առաջնահերթություն»։
«Պատմական նշանակություն ունի և՛ Հայաստանի համար, և՛ Եվրամիության։ Մեզ համար, բնականաբար, նոր դուռ է բացում՝ մեր ինքնուրույնությունն ամրապնդելու և հավասակշռված արտաքին քաղաքականություն վարելու առումով, եթե նկատի ունենանք տարածաշրջանը և ՀՀ մարտահրավերները։ Երկու կողմից էլ իսկապես խիզախություն էր պահանջվում։ Եվ պետք է ամեն ինչ արվի, որ վավերացվի և ընթացքի մեջ դրվի»,- հայտարարեց Արմեն Ռուստամյանը։
Նախագիծը կատարյալ կոնսենսուսով դրական եզրակացություն ստացավ։ Հարցը կքննարկվի ԱԺ վաղվա նիստում՝ մինչև 3 ժամ ռեժիմով։