«Սերժ Սարգսյանը կարող է հավասարապես վարչապետ առաջադրվել և՛ ապրիլի 17-ին, և՛ դրանից հետո. Իրավունքը Հանրապետական կուսակցության ձեռքում է»
Հարցազրույց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի հետ
– Պարոն Սաֆարյան, ԱԺ հատուկ նիստում Արմեն Սարգսյանը երդմնակալությամբ ստանձնեց ՀՀ նախագահի պարտականությունները և հայտարարեց, որ Առաջին Հանրապետության հարյուրամյակի շեմին անցում ենք կատարում խորհրդարանական կառավարման համակարգին, այսինքն՝ խորհրդանշական կերպով սկսում ենք նոր էջից։ Ձեր կարծիքով՝ Հայաստանի Հանրապետությունը նո՞ր էջից է սկսում։
– Ճիշտն ասած, այդ բառախաղի իմաստն այդքան լավ չեմ պատկերացնում, որովհետև ամեն անգամ նոր էջից են սկսել, բայց կարծես այդքան էլ նոր կյանք չի եղել։ Հիմա, եթե այդ նոր էջի արդյունքում նոր վիճակ չի լինելու, այդ էջն ամենևին նոր չի։
– Արմեն Սարգսյանն այդ նոր էջը, թերևս, շեշտում է այն առումով, որ ինքը ոչ թե ՀՀ 4-րդ նախագահն է, այլ Հայաստանի 4-րդ Հանրապետության առաջին նախագահը։ Նման միտք նա լրագրողների հետ զրույցում հայտնել էր նաև նախկինում։
– Անկեղծ ասած, եթե պարոն Սարգսյանը տեղյակ է Ֆրանսիական հանրապետությունների փոփոխություններին, համենայն դեպս, չպետք է որ Հայաստանի ներկայիս Հանրապետությունն անվանի 4-րդ Հանրապետություն, որովհետև նախ այնտեղ հարց է՝ Երկրորդ Հանրապետություն եղե՞լ է, թե՞ չի եղել։ Ինքնիշխանության կորստով երկիրը, թերևս, Հանրապետություն չի։ Դա ավելի շատ ինքնավար հանրապետություն է՝ ֆեդերացիայի կազմում, քան լիարժեք հանրապետություն։
Սրանից վերանալով, եթե կրկին թվաբանությանն ենք վերադառնում, համենայն դեպս, սահմանադրական փոփոխությունների ժամանակ չի էլ ազդարարվել, որ նոր Հանրապետություն է ստեղծվում։ Եթե նոր Հանրապետություն ստեղծվեր, պետք է լիներ նոր Սահմանադրություն, իսկ իրենք դա անվանեցին սահմանադրական բարեփոխումներ, հանրաքվեն կոչվում էր սահմանադրական փոփոխությունների։ Ամեն սահմանադրական փոփոխություններից հետո հանրապետության թիվ չի փոխվում։ Ես ուղղակի այս լիրիկայի իմաստը չեմ հասկանում։
– Գուցե խորհրդարանական կառավարման համակարգում նախագահի կախվածությունը վարչապետից վիզուալ մեղմելու փո՞րձ է։
– Կապ չունի։ Կներեք, 1990-91 թվականներին էլ ՀՀ-ն խորհրդարանական է եղել, հիմա ի՞նչ անեն, մի հատ էլ հանրապետություն անվանումը էդ ժամանակաշրջանի՞ն դնեն։ Սահմանադրական փոփոխությունների անվանումը չի եղել նոր Սահմանադրության ընդունում, և այդ ժամանակ, երբ ընդդիմությունը պնդում էր, որ սա նոր Սահմանադրություն է, ամբողջ իշխանությունը կոկորդով մեկ ասում էր՝ ոչ, սա սահմանադրական փոփոխություններ են, Սահմանադրության լրամշակում է։
Հիմա մոռացել են՝ ինչ են ասել, ու ասում են՝ եթե սա նոր Սահմանադրություն է ու նոր Հանրապետություն է, ուրեմն նախկինում են սխալ արել և պետք է դրա համար ներողություն խնդրեն։ Ես ուղղակի զուտ մարդկայնորեն հասկանում եմ, որ ուզում են հույսեր ներշնչել, որ նոր կյանք է սկսվում, նոր էջ է սկսվում, նոր ժամանակներ են գալիս, դրա համար բառախաղի են դիմում։ Բայց ցավում եմ, այդ ամեն ինչը դրանով էլ ավարտվելու է։
– Սերժ Սարգսյանն այսօրվանից այլևս ՀՀ նախագահ չէ, և առնվազն 8 օր՝ մինչև ապրիլի 17-ը, երբ ընտրվելու է ՀՀ վարչապետը, առանց պաշտոնի է լինելու։ ընդդիմադիրներն ասում են, որ այս ժամանակահատվածը փոփոխությունների համար լավ հնարավորություն է, այսինքն՝ կանխելու համար Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետությունը։
– Դա այնքան էլ ընդդիմության ձեռքում չի, որովհետև ընդդիմությունը դա թույլ չտալու համար պետք է Հանրապետական կուսակցությանը զրկեր վարչապետ առաջադրելու իրավունքից, ինչը չի արել 1 տարի առաջ, և հիմա ՀՀԿ-ն, ինչպես նկատում ենք, բավականին վստահ է զգում՝ առաջադրելու ցանկացած թեկնածու։
– Ամեն դեպքում, տարբեր նախաձեռնություններ են ձևավորվել՝ «Մերժիր Սերժին», «Իմ քայլը», «Հանուն Հայաստան պետության» ճակատ, որոնք պայքարում են Ս.Սարգսյանի վարչապետության դեմ, Նիկոլ Փաշինյանն էլ ծրագրում է ապրիլի 17-ին ԱԺ-ն շրջափակել և արգելել պատգամավորների մուտքն ու քվեարկությունը։ Հնարավո՞ր է՝ այս ամենն ինչ-որ ազդեցություն ունենա իշխող ուժի և Սարգսյանի որոշման վրա։
– Մենք դեռևս չգիտենք, թե ինչ չափով կաշխատեն ընդդիմադիրները և նշած շարժումները, և ինչպիսի մոբիլիզացիա կապահովեն։ Ամեն ինչ կախված է դրանից։ Ես կարծում եմ՝ այս խնդրի մասին հնարավոր կլինի խոսել ամսի 17-ից հետո, երբ ակնհայտ կլինի, թե որքան լավ է սերմերը ցանել և որքան բերք է ստացել ընդդիմությունը։ Իսկ այս պահին ուղղակի կդառնա սուրճի բաժակի գուշակություն՝ կկարողանա՞ն, թե՞ չեն կարողանա։ Հնարավոր է՝ վերջին օրերին այնպիսի փայլուն քարոզարշավ են տանում, որ Ազգային ժողովի շուրջբոլորը մարդիկ ուղղակի լցնում են։ Տեսնենք։
– Այնուամենայնիվ, եթե անգամ Սերժ Սարգսյանը չառաջադրվի վարչապետի պաշտոնում, այսպես թե այնպես, իշխանության ղեկը ՀՀԿ-ի ձեռքին է, իսկ ՀՀԿ-ի ղեկը՝ Սերժ Սարգսյանի, և ցանկացած վարչապետ, որ չկատարի ՀՀԿ-ի կամքը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, հեշտորեն փոխվելու է։ Այսինքն՝ վերջնարդյունքում իշխանությունը Սերժ Սարգսյանի ձեռքին է, ի՞նչ էական է՝ նա վարչապե՞տ է, թե՞ ոչ։
– Այո, ես էլ եմ դա ասում։ Սերժ Սարգսյանն ա՞յժմ կնշանակվի վարչապետ, թե՞ 6 ամիս հետո կնշանակվի, թե՞ 1 տարի հետո կնշանակվի, թե երբ կնշանակվի, խնդիրը դա չէ։ Խնդիրն այն է, որ իրավունքն իսկապես Հանրապետական կուսակցության ձեռքում է, և այդ իրավունքը նա օրինապահ ձևով չի վաստակել, բայց, համենայն դեպս, դատելով նրանից, որ փաստը դա է, այդ իրավունքի շրջանակներում էլ նա կարող է թեկնածու առաջադրել, և Սերժ Սարգսյանը կարող է հավասարապես առաջադրվել և՛ ապրիլի 17-ին, և՛ դրանից հետո։