Բաժիններ՝

Կրթության և գիտության նախարարը կրկին Գյումրիում էր

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր կրկին Գյումրիում էր:
Նախարարն ու ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանը հանդիպել են ՇՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանին, բողոքող ուսանողներին, նաև այն ուսանողների հետ, ովքեր բուհի վերաբերյալ տարբեր խնդիրների մասին են բարձրաձայնում:

Բողոքող ուսանողների պահանջի՝ ՇՊՀ-ի նախկին դասախոսներ Գագիկ Համբարյանին և Հովհաննես Խորիկյանին աշխատանքի վերադարձնելու վերաբերյալ նոր բան նախարարը չասաց՝ կրկին հորդորելով դասախոսներին իրենց իրավունքները պաշտպանելու համար դատարան դիմել:

«Մենք նախարարին ասացինք, որ դասախոսների բացակայությունն ազդում է կրթության որակի վրա, այսպես շարունակվել չի կարող, ուստի անհրաժեշտ է խնդրին լուծում տալ:

Նախարարը նշեց, որ գոյություն ունի երկու հարթակ, եթե դասախոսների բացակայությունը պատճառ դառնա կրթության որակի հետագա անկման, ուրեմն այդ հարցով պետք է զբաղվի նախարարությունը: Զուգահեռ՝ նախարարը բուհի նախկին դասախոսներին հորդորեց դիմել դատարան, որպեսզի խնդրին նաև իրավական լուծում տրվի: Նախարարը նաև հորդորեց աշխատանքից ազատված դասախոսներին՝ նոր մրցույթի մասնակցել, ինչին իրենք այնքան էլ համաձայն չեն:

Այսպիսով, մենք ավելի շատ բարձրաձայնել ենք այն հարցերը, որոնք վերաբերում են երկու դասախոսների՝ աշխատանքից ազատվելուն:

Դրանից հետո տեղի ունեցավ քննարկում ընկեր Համբարյանի և ընկեր Խորիկյանի մասնակցությամբ, քննարկումը բավական երկար տևեց, դասախոսներ կային նաև Երևանից: Ամեն դեպքում մեր գործը հաջողված կարելի է համարել: Եթե տեսնենք, որ խնդիրները փակուղի են մտնում, մեր գործողությունները կշարունակենք համապատասխան ձևով»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Մելքոնյանը:

Նշենք, որ Լևոն Մկրտչյանը ՇՊՀ կատարած իր նախորդ այցի ժամանակ անդրադարձել էր նաև դասախոսների ընտրության նոր կարգին:

«Լուծման մի կարևոր հարց կա: Բարձրագույն կրթության այն օրենքը, որը մենք հիմա ներկայացրել ենք և ԱԺ կմտնի քննարկման ապրիլին՝ մինչև առաջին տասնօրյակը, մի շատ կարևոր խնդիր ենք դրել՝ համալսարանական բոլոր պաշտոնները պետք է ընտրովի լինեն՝ դասախոսական պահից սկսած՝ մինչև ամբիոնի վարիչ, այդ ընտրությունները պետք է շատ թափանցիկ և հստակ լինեն: Բոլորը պետք է հնարավորություն ունենան մասնակցել այդ ընտրություններին՝ ներկայացնելով իրենց հնարավորությունները և վաստակը: Ընտրության արդյունքում գործող դասախոսը բոլորովին այլ իրավունքների դաշտում է աշխատում, պայմանագիր ստորագրած դասախոսը՝ բոլորովին այլ:

Շիրակի համալսարանն այն հաստատություններից էր, որտեղ երկար ժամանակ ընտրովի համակարգ չէր աշխատում: Ընտրություններին մասնակցելու է նաև ֆակուլտետը, կներկայացնի իր կարծիքը, ուսանողները հնարավորություն կունենան այդ ընտրություններին մասնակցել, մեկից ավելի թեկնածուներ կլինեն: Մամուլն էլ կհետևի, որ այդ ընտրությունները լինեն հրապարակային և օբյեկտիվ: Եվ յուրաքանչյուր դասախոս կհասկանա, որ ինքն ընտրված է, ոչ թե՝ նշանակված: Եթե մեր համալսարանները կարողանան գնալ այդ ճանապարհով, ապա շատ լավ կլինի: Օրենքի նոր նախագծով մենք աշխատանքային պայմանագիր առանց ընտրության նախատեսում ենք 70-ը լրացած մարդկանց համար, մնացած բոլոր տեղերը պետք է թափուր պաշտոն լինի, և ընտրություն հայտարարվի»,- շեշտել է նախարարը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս այցի ժամանակ Լևոն Մկրտչյանը չանդրադարձավ ՇՊՀ ռեկտորի հասցեին հնչեցված կոռուպցիոն բնույթի հարցերին:

Վերջինս գնահատականներ չհնչեցրեց ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանի այն հայտարարության վերաբերյալ, որի համաձայն՝ Սահակ Մինասյանը բացահայտ խաբել էր` ասելով, թե բուհի դահլիճի և դահլիճի շքամուտքի շինարարության վրա ծախսվել է 66-68 միլիոն դրամ:

«Ես տեղեկություն հրապարակեմ՝ սա ԿԳՆ ակտն է, որի համաձայն՝ պարոն Մինասյանը սեպտեմբերի վերջի դրությամբ (փաստաթղթում հատուկ նշվում է՝ վերանորոգման աշխատանքներն ավարտված չեն) ծախսել է 87 միլիոն 229 հազար 500 դրամ գումար: Հետաքրքիր է՝ բա 20 միլիոն դրամի տարբերությունը որտեղի՞ց»,- 168.am-ի հետ զրույցում շեշտել էր Գագիկ Համբարյանը:

Բողոքող ուսանողներից ոմանց համար էլ անհասկանալի է, եթե բուհում առկա են կոռուպցիայի դրսևորումներ կոնկրետ բուհի ռեկտորի գործողությունների վերաբերյալ, ապա ինչո՞ւ նմանատիպ խնդիրները միայն համալսարանի ներսում պետք է քննարկվեն, ինչո՞ւ դրանց մինչ օրս իրավական ընթացք չի տրվում, և Շիրակի մարզի դատախազը հայտարարությամբ հանդես չի գալիս, թե՞ Դատախազությունը պետք է բավարարվի միայն ՇՊՀ-ում ուսումնասիրություններ կատարելով, որոնց արդյունքները հանրության համար դեռևս անհայտ են:

Անահիտ Սիմոնյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս