Թուրքիայի փոխվարչապետը խոսել է արտակարգ դրությունը կրկին երկարաձգելու մասին
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը խոսել է երկրում արտակարգ դրությունը հերթական անգամ երկարացնելու հավանականության մասին: Այս մասին հայտնում է թուրքական Haber Truk լրատվամիջոցը:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք արտակարգ դրությունը, որի ժամկետը մոտենում է ավարտին, երկարաձգվելու է՝ Բոզդաղը պատասխանել է. «Կա անհրաժեշտություն այն կրկին երկարաձգելու: Եթե նախարարների խորհուրդը նման որոշում կայացնի, իսկ մեջլիսն այն վավերացնի, ապա արտակարգ դրությունը կերկարացվի»:
Թուրքիայում առաջին անգամ արտակարգ դրություն է հայտարարվել 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո` հուլիսի 21-ին: 90 օր շարունակվող արտակարգ դրությունը հետագայում երկարաձգվել էր ևս 5 անգամ:
Վերջին անգամ հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգվել էր 2018 թվականի հունվարի 19-ին:
Իշխանություններն արտակարգ դրության անհրաժեշտությունը պայմանավորում են ահաբեկչական խմբավորումների հետ պայքարելու հրամայականով: