Հունաստանը 7 հազար զինվորականների է ուղարկում Թուրքիայի հետ սահման
Հունաստանը կուժեղացնի Թուրքիայի հետ սահմանների մերձակայքում տեղավորված զորախումբը: Այդ մասին հայտարարել է երկրի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամմենոսը:
Հաջորդ մի քանի օրվա ընթացքում Էգեյան ծովի կղզիներ կուղարկվի 3,5 հազար մարդ եւ նույնքան էլ՝ Էվրոս: Նախարարի խոսքով՝ այդ որոշումը կապված է երկու երկրների միջեւ հարաբերությունների վատացման հետ: Նա նշել է, որ Հունաստանը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի: «Մենք ապավինում ենք մեր սեփական ուժերին, մենք օգնություն չենք սպասում դաշնակիցներից կամ բարեկամներից»,-ասել է նախարարը, նշելով, որ, չնայած ճգնաժամին եւ զինված ուժերի բյուջեի կրճատմանը, ամեն ինչ արված է զինծառայողների պատրաստման եւ ուսուցման համար:
Կամմենոսը հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի վերադարձնի այն երկու հույն զինծառայողներին, որոնք «պատանդներ, կալանավորներ են դարձել թուրքական բանտերում»: «Մենք նրանց դուրս կբերենք այնտեղից, նրանց կազատեն, նրանք կվերադառնան: Դա մեր նպատակն է ու մեր պարտքը»,-ասել է պաշտպանության նախարարը:
Երկու երկրների միջեւ հարաբերությունները սրվել են մարտի սկզբին, երբ Թուրքիան Էվրոսի շրջանում կալանքի տակ վերցրեց երկու հույն զինծառայողների: Աթենքում հայտարարել են, որ հույն զինվորները այլ երկրի տարածք են մտել սխալմամբ՝ վատ եղանակի պատճառով:
Հունաստանի իշխանություններն ակնկալում էին, որ Թուրքիան օրվա ընթացքում կհանձնի ձերբակալվածներին: Սակայն Անկարան նրանց մեղադրեց իր տարածք անօրինական ներթափանցման մեջ, նրանց լրտեսության մեղադրանք է սպառնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: