
«Առաջին խաղակեսը հիասքանչ էր. այդպիսին պետք է լինի ֆուտբոլը». Յուրգեն Կլոպ

Գերմանիացին հիացմունքի մեջ է: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գնահատել է Չեմպիոնների լիգայի առաջին քառորդ եզրափակչի շրջանակներում կայացած «Մանչեսթեր Սիթիի» դեմ իր թիմի խաղը (3:0):
«Առաջին խաղակեսը հիասքանչ էր: Այն հենց այնպիսին էր, ինչպիսին պետք է լինի ֆուտբոլը: Մենք գիտեինք «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների որակի մասին, բայց մենք գիտեինք նաև մեր սեփական մակարդակը»,- Կլոպին է մեջբերում BBC-ն:
«Լիվերպուլի» մարզիչը նշել է նաև, որ իր թիմը չպետք է վստահ լինի կիսաեզրափակիչ անցնելու մեջ. «2014 թվականին «Բորուսիան» պարտվեց առաջին խաղը «Ռեալին» 0:3 հաշվով, բայց պատասխան խաղում մենք հաղթեցինք 2:0 հաշվով: Բոլորը, ովքեր տեսել են այդ խաղը, կասեն, որ առաջ պետք է անցներ «Բորուսիան»»: Պատասխան խաղը տեղի կունենա ապրիլի 10-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը