
Զանգվածային հրաձգության դեպք` Youtube ընկերության գրասենյակում. «Ամերիկայի ձայն»

Ոստիկանության տեղեկությամբ զինված մի կին մուտք է գործել Կալիֆոռնիայում YouTube ընկերության գլխավոր գրասենյակ, ուր կրակ է բացել աշխատակիցների ուղղությամբ՝ վիրավորելով երեք անձանց: Վերջինս այնուհետև ինքնասպանություն է գործել։ Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Ապրիլի 3-ի կեսօրին Կալիֆոռնիա նահանգում ոստիկանությունը ստացել է ահազանգ, որ Սան Ֆրանցիսկոյի հարավում գտնվող Սիլկիկոնային հովտի Youtube ընկերության գրասենյակից դուրս են վազում աշխատակիցները:
Ականատեսները հաղորդել են գրասենյակից լսվող կրակոցների մասին: Ականատեսներից մեկը տեսել է զինված հարձակում իրականացնողին:
«Կրակողը կին էր: Ես բղավեցի «զինված հարձակում», և բոլորը սկսեցին փախչել»,- պատմում է ականատես Դայանա Արնսփիգերը:
Րոպեներ անց ժամանեց ոստիկանությունը:
Ոստիկանության հաղորդմամբ զինված հարձակում իրականացնողը սպանված էր, իսկ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
«Այս պահին ընդունել ենք երեք վիրավորների՝ մեկ տղամարդ, երկու կին: Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ ծանր, իսկ երրորդ վիրավորի վիճակը գնահատում ենք միջին ծանրության»,- նշել է Սան Ֆրանցիսկոյի հիվանդանոցի ներկայացուցիչ Բրենտ Անդերսը:
Ոստիկանությունը տեղեկացնում է, որ հանցանքի վայրում այս պահին ընթանում են հետաքննչական գործողություններ: