Բաժիններ՝

ԱԻ նախարարն ընդունել է ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ապրիլի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար՝ նախարար Տոնոյանը բարձր գնահատեց հայ-ռուսական համագործակցությունը արտակարգ իրավիճակների ոլորտում՝ որպես սերտ համագործակցության ձեռքբերում նշելով դեսպանի պաշտոնավարման օրոք Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծումը և ակտիվ գործունեությունը: «Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը մեծ դերակատարում ունի աղետների ռիսկի նվազեցման գործընթացում ոչ միայն Հայաստանի տարածքում, այլև՝ տարածաշրջանային մակարդակով»,-ընդգծեց ԱԻ նախարարը:

Արձագանքելով դեսպան Վոլինկինը շնորհակալություն հայտնեց կառուցողական համագործակցության համար և վստահություն հայտնեց, որ այն շարունակվելու և ընդլայնվելու է:

Կողմերը քննարկեցին նաև սեյսմոլոգիայի, գեոֆիզիկայի, հիդրոօդերևութաբանության և կլիմայի փոփոխության բնագավառում համագործակցության շարունակականության ապահովման հնարավորությունները, ինչպես նաև՝ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության և Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի, Հայաստանում տեղակայված Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության վարչության համատեղ ուսումնավարժությունների և աղետներին արձագանքման պլանների իրագործումը:

Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը ռուսական կողմին հրավիրեց մասնակցելու այս տարի դեկտեմբերի 5-ից 7-ը մեր երկրում «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվող Սպիտակի երկրաշարժի հիշատակման 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, որոնց շրջանակում իրականցվելու են՝ միջազգային համաժողով, համապետական վարժանք և Դաշտային խոհանոցի միջազգային մրցույթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս