«Թուրքիան արջի ծառայություն մատուցեց Ադրբեջանին». Վաղարշակ Հարությունյան

«Բանակցային գործընթացը գնում էր մադրիդյան սկզբունքների շուրջ, կային հանդիպումներ, որտեղ քննարկվում էր հիմնականում հետևյալ մոտեցումը. մի կողմից՝  հայկական կողմը վերադարձնում է որոշ շրջաններ, իսկ Արցախի կարգավիճակը որոշվում է հանրաքվեով, որը պետք է ունենար իրավական ուժ։ Սա եղավ հիմնական պատճառը, որ Ադրբեջանը գնաց ապրիլյան գործողություններին»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ապրիլյան պատերազմի դրդապատճառներին՝ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը։

Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը նկատեց, որ բանակցային գործընթացը գնում է հօգուտ հայկական կողմի, և սանձազերծեց ապրիլյան պատերազմը։

«Երկրորդ գործոնն այն է, որ Թուրքիան խոցեց ռուսական ինքնաթիռը, և Ռուսաստանը մտցրեց սանկցիաներ։ Թուրքիան դա գիտակցելով՝ հրահրեց Ադրբեջանին, և Բաքվում հայտարարեցին, որ Արցախի հարցը պետք է լուծվի, և, որ իրենք կանգնած են Ադրբեջանի կողքին։ Թուրքիան արջի ծառայություն մատուցեց Ադրբեջանին՝ հրահրեց այդ պատերազմը, որպեսզի ինքը լուծի իր հարաբերությունների հարցը Ռուսաստանի հետ։ Եվ մենք այսօր տեսնում ենք, չէ՞, որ մի քիչ սերտացում է գնում»,- ասաց նա։

Վաղարշակ Հարությունյանն ընդգծեց՝ Ադրբեջանը չէր դրել Արցախը գրավելու խնդիր. «Նա դրել էր լոկալ խնդիր՝ հասնել լոկալ հաղթանակի՝ շփման գծի փոփոխության, ինչը նա պետք է վերածեր քաղաքական դիվիդենտների։ Նպատակն էր ցույց տալ, որ ինքն ի վիճակի է ռազմական ճանապարհով լուծել այդ հարցը, և բնական է՝ դա կմտցներ փոփոխություն իրենց քաղաքականության մեջ՝ Արցախի հարցի վերաբերյալ։ Եթե տեսնում են, որ մի կողմն ի վիճակի է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով, ապա կարվի լրջագույն եզրակացություն։

Ադրբեջանը դնելով այդ նպատակը՝ մշակեց համապատասխան մարտավարություն, և խախտելով զինադադարի պայմանագիրը, որ ինքը ստորագրել է, գիշերով, մոտ 10 հազար ուժերով հարձակում գործեց։ Նա չկուտակեց ծանր տեխնիկա, որպեսզի մեր հետախուզությունը չկարողանա բացահայտել։ Նա գնաց այս ճանապարհով և առաջնագծում շարժում իրականացրեց հատուկ նշանակության զորաբաժանումներով։

Դրանից հետո հրետանին ուժի մեջ մտավ, և իրենք մոտ բերեցին շփման գծին տանկերն ու այլ ծանր տեխնիկան։

Սրանով է բացատրվում, որ մեր հետախուզությունը չբացահայտեց, ինչի համար հետախուզության պետին ազատեցին պաշտոնից»։

Հետևաբար, ըստ բանախոսի՝ մշակված էր լավ ծրագիր՝ հաշվի առնելով ստեղծված իրականությունը.

«Ադրբեջանը հաջողություններ ունեցավ միայն առաջին օրը՝ գիշերը։ Որտեղ մեր հենակետերում զգոն չեն եղել, չեն բացահայտել, իրենց հաջողվել է այդ հենակետերը վերցնել։ Այնտեղ, որտեղ զգոն են եղել, ժամանակին բացահայտել են, որոշում են ընդունել և սկսել գործողություն, իրենց չի հաջողվել՝ անկախ նրանից, որ մեր զինվորների հանդեպ 10 անգամ առավելություն են ունեցել իրենց քանակով։

Դրանից հետո, երբ ՊԲ-ի կողմից դրվեց պաշտպանական ծրագիրը, ապա իրենք նահանջեցին, թողեցին վերցրած հենակետերը, բացի մի քանիսից՝ Լելե-Թեփե և այլն։ Հետագայում, երբ մեր բանակը ձևավորեց հակահարվածային խմբավորում և պատրաստ էր հասցնել հարված, Ադբեջանը զինադադար խնդրեց»։

Ամփոփելով՝ Վաղարշակ Հարությունյանն ասաց, որ հայկական կողմն ունեցել է տարածքային կորուստներ, իսկ ռազմական առումով ադրբեջանական բանակը չի կարողացել լուծել իր առջև դրված խնդիրը.

«Լելե-Թեփեի հետևում իրենց կողմից կար գյուղ, որը բնակեցված չէր, հիմա արդեն բնակեցրել են՝ Մարջալու գյուղը։ Դա է եղել միայն։ Ադրբեջանն ունեցել է մեծ քանակի մարդկային և տեխնիկայի կորուստներ, չեն կարողացել օգտագործել ռազմաօդային ուժերի իրենց առավելությունը, քանի որ գիտակցել են, որ մեր հակաօդային պաշտպանությունը շատ ուժեղ է, և իրենք ինքնաթիռ չեն կարող օգտագործել։

Բայց նրանք մեծ ծախսեր են արել, որպեսզի ունենան հզոր ռազմաօդային ուժեր, որոնք 5-6 անգամ գերազանցում են մեր ռազմաօդային ուժերը։ Փորձեցին օգտագործել ուղղաթիռներ, որոնք խոցվեցին։ Մեր տեխնիկային վնաս հասցվել է հիմնականում «Spyke» հակատանկային հրթիռային համակարգից, ինչպես նաև արդյունավետ են եղել նրանց անօդաչու սարքերը, որոնք և՛ հետախուզական են, և՛ մարտավարական»։

Վաղարշակ Հարությունյանն անդրադարձավ նաև Ապրիլյան քառօրյա պատերազմում ՌԴ-ի դերին և այն տեսակետներին, որ պատերազմը հրահրվել է ռուսական կողմի իմացությամբ.

«Դրանք հասարակությանն ապակողմնորոշելու համար են ասվում։ Ինչո՞ւ չեն ասում՝ ՆԱՏՕ-ն չխառնվեց։ Եկեք գնահատենք՝ ՀԱՊԿ-ի անդամ ենք, բայց բոլորը շատ լավ գիտակցում են, որ ՀԱՊԿ-ը չունի գործառույթ ղարաբաղյան ագրեսիայի դեպքում»։

Հարցին, թե հաշվի առնելով ժամանակ առ ժամանակ սահմանին բռնկվող լարվածությունը՝ արդյո՞ք հավանական է նոր պատերազմի հրահրում Ադրբեջանի կողմից, Հարությունյանը պատասխանեց, որ պատերազմի հավանականությունը քիչ է, որովհետև Ադրբեջանի նպատակը լայնածավալ պատերազմը չէ:

«Նույն ապրիլին երեք օր հետո զինադադար էին ուզում, քանի որ հասկացան, որ վերածվելու էր լայնածավալ պատերազմի, իսկ դա իրենց պլանների մեջ չէր մտնում: Մենք պետք է գիտակցենք՝ մեր պայքարը միայն Ադրբեջանի հետ չէ, այլ ադրբեջանաթուրքական դաշինքի: Որոշումը Ստամբուլում են ընդունում, զինվորականները Ստամբուլում են պատրաստվում»։

Տեսանյութեր

Լրահոս