«Այս դատական գործերը, վարույթներն ամբողջությամբ նաև կոնֆլիկտի վրա կարող են ազդել». Արա Ղազարյանը՝ ՄԻԵԴ-ում քննվող գործերի մասին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կոմունիկացիոն փուլ է մտցրել 2016 թվականի դեկտեմբերին Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած զինված բախման վերաբերյալ գործը, որի ընթացքում պաշտպանական մարտում զոհվեցին երեք հայ զինծառայողներ: Գանգատի վրա աշխատել են միջազգային իրավունքի փորձագետներ Արտակ Զեյնալյանը, Արա Ղազարյանը և Մարիամ Ղազարյանը: 168.am-ի հետ զրույցում Ա. Ղազարյանն ասաց, որ սա նոր իրավիճակ է, նոր բնույթի գործ է՝ նոր բովանդակությամբ.

«Այստեղ արդեն Ադրբեջանի կողմից ոտնձգություն է եղել հենց Հայաստանի նկատմամբ, ոչ թե՝ Լեռնային Ղարաբաղի: Ե՛վ իրավաբանությունն է այստեղ տարբեր, և՛ փաստերն են տարբեր, և՛ արձագանքը: Այստեղ չկա խնդիր, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը առնչվում է կոնվենցիային: Այս դեպքը տեղի է ունեցել ՀՀ տարածքում, և Ադրբեջանը չի թաքցնում, որ դա իր սպան է եղել, որովհետև հետագայում նրան ազգային հերոսի կոչում են շնորհել»:

Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ ունեք վճռի հետ կապված, որքանո՞վ է հավանական, որ այն դրական կլինի հայկական կողմի համար՝ Ա. Ղազարյանն այսպես պատասխանեց. «Մենք նշում ենք, որ մեր զինվորները զոհվել են մեր տարածքում, զինված ընդհարման բացակայության պայմաններում: Այսինքն՝ այստեղ մարտ չէր տեղի ունենում, սա այն իրավիճակը չէր, որ մեր զինվորները սպառնում էին ադրբեջանցի զինվորների անվտանգությանը, որի համար պետք է կիրառվեր մահաբեր ուժ՝ ինքնապաշտպանության նպատակով:

Մեր զինվորները զոհվել են ադրբեջանցի զինծառայողների կամ զինծառայողի հարձակման արդյունքում, երբ ռազմական ընդհարում չկար: Նման իրավիճակներում հարցը պատերազմի օրենքից տեղափոխվում է մարդու իրավունքների հարթակ: Այսինքն՝ անձին զրկում են կյանքից՝ առանց դրա բացարձակ անհրաժեշտության: Մեկը գնացել էր ջուր վերցնելու, որ առավոտյան կերակուր պատրաստի, մի զինվորը զուգարանում էր՝ առանց զենքի, այսինքն՝ կյանքից զրկելու բացարձակ անհրաժեշտություն չկար, և զինված ընդհարում գոյություն չուներ»:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն, կարելի՞ է ակնկալել, որ վճիռը դրական կլինի հայկական կողմի համար՝ Ա. Ղազարյանն այսպես պատասխանեց. «Այո: Իհարկե՝ ունենք ակնկալիք»:

Ինչ վերաբերում է հարցին, թե դա ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ հետագա՝ ապրիլյան պատերազմի դեպքերով գործերի վճիռների վրա՝ Ա. Ղազարյանն այսպես պատասխանեց. «Սովորաբար բոլոր գործերով մենք երկու ակնկալիք ունենք՝ անհատական իրավունքի վերականգնում և համընդհանուր ազդեցություն ընդհանրապես հայ-ադրբեջանական կոնֆլիկտի վրա, որ գոնե զսպող ազդեցություն ունենա:

Եթե գոնե մեղմի կամ զսպի, արդեն մեր նպատակին մենք հասնում ենք: Երբ մենք ներկայացնում էինք առաջին խմբաքանակի գործերը 2010-11 թվականներին, Եվրոպական դատարանը դրանց անդրադարձավ 5 տարի հետո: Ապրիլյան դեպքերին անդրադարձավ անմիջապես 2 ամսվա ընթացքում, որովհետև կարծում ենք՝ նաև նախկինում ներկայացված գործերն են իրենց ազդեցությունն ունեցել:

Այսինքն՝ եթե դու ՄԻԵԴ-ին չասես, որ Ադրբեջանում կա հայատյացություն, խտրականություն, և եթե չասես կոնկրետ գործերով, իրենք չեն արձագանքի: Այս ամենի ամբողջ նպատակն այն է, որ այն զսպող ազդեցություն ունենա, այդ սանձարձակությունն ինչ-որ ձևով կանխվի: Հեռահար նպատակը դա է, բայց առաջնայինը, իհարկե, տվյալ մարդու իրավունքն է»:

Մենք Ա. Ղազարյանից նաև հետաքրքրվեցինք, թե Ադրբեջանի նկատմամբ նման վճիռներն ի՞նչ նշանակություն կարող են ունենալ՝ հենց արցախյան հակամարտության կարգավորման տեսանկյունից:

Ի պատասխան՝ մեր զրուցակիցն ասաց, որ, իհարկե, այն քաղաքական մարմինները, որոնք կոչված են լուծել այդ հակամարտությունը, նաև իրավաբանությունից են օգտվում. «Տարբեր հատվածներում զարգանում է իրավաբանությունը, որից մեկը մարդու իրավունքն է: Սա շատ սերտ առնչվում է քաղաքական գործընթացներին:

Օրինակ, արդեն մի այդպիսի որոշում կայացվել է՝ Սարգսյան-Չիրագով դատական ակտերի կատարումը ենթադրում է նաև փախստականների վերադարձ երկու կողմից:

Սա դատական ակտի կատարման նպատակն է, բայց միևնույն ժամանակ՝ հայտարարվել է, որ հնարավոր չէ դատական ակտը կատարել, մինչև Ղարաբաղի հարցը քաղաքական լուծում չստանա երկու պետությունների կողմից:

Այսինքն՝ տեսնում ենք, թե որքան փոխկապակցված է իրավաբանությունը քաղաքական գործընթացի հետ: Ժամանակակից աշխարհում ժամանակակից պատերազմական գործողություններում պատերազմ մղելու եղանակի վրա ոչ միայն տեխնոլոգիաներն են ազդում, այլև՝ իրավաբանությունն է ազդում: Միտքս այն է, որ այս դատական գործերը, վարույթներն ամբողջությամբ նաև կոնֆլիկտի վրա կարող են ազդել, թե ինչպես կոնֆլիկտը հարթել կամ վարել»:

Տեսանյութեր

Լրահոս